Картинки по запросу սուրեն սարգսյանԽՍՀՄ փլուզումից հետո, 1992-ի օգոստոսին, ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը համատեղ ընդունեցին «Ազատության Աջակցության Ակտ» օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու դեմոկրատական կառավարման մոդել և ազատական տնտեսություն:

Մինչ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը թուրքական ազդեցության արդյունքում 4 բանաձև էր ընդունում՝ Հայաստանից պահանջելով շտապ կերպով դուրս բերել իր զորքերը, հայ համայնքի և լոբբիստների աշխատանքի շնորհիվ «Ազատության Աջակցության Ակտ»-ի տեքստում նախաձեռնվեց 907-րդ բանաձևը (հոդվածը), որով արգելվեց ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի պաշտոնական Բաքուն շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Ընդ որում, ՄԱԿ ԱԽ բանաձևերը պարտադիր իրավաբանական ուժ չունեին, իսկ բանաձևն իմպերատիվ բնույթ էր կրում։

Կոնգրեսի արխիվները ուսումնասիրելուց պարզեցի բավականին հետաքրքիր երկու փաստ։
1) 907-րդ բանաձևի նախաձեռնողը դեմոկրատ կոնգրեսական, ներկայիս պետքարտուղար Ջոն Քերրին է եղել:
2) Քվեարկության ժամանակ օրենքին՝ հետևաբար նաև 907-րդ բանաձևին կողմ քվեարկողների շարքում են եղել հանրապետական սենատոր Ջոն ՄաքՔեյնը, դեմոկրատ սենատորներ և ապագա փոխնախագահներ Ջո Բայդենը և Ալբերտ Գորը: Նախագահ Ջորջ Բուշը առանց կիրառելու վետոյի իր իրավունքը վավերացրել է ընդունված օրենքը՝ ներառյալ 907-րդ բանաձևը 1992-ի հոկտեմբերին և այն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:

10 տարի անց՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, Ջորջ Բուշ կրտսերը՝ անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմեց Սենատին, հնարավորություն խնդրելով յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907 բանաձևը և օժանդակել Ադրբեջանին՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Սկսած 2001թ.-ից 907-րդ բանաձևը ԱՄՆ նախագահի կողմից շրջանցվել է 9 անգամ և ԱՄՆ-ն Ադրբեջանին ֆինսական և ռազմական օգնություն է ցուցաբերել՝ պայմանով, որ այդ օգնությունը չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ։ Երբ դեմոկրատ Օբաման ստանձնեց նախագահի պաշտոնը, նա ընդամենը մեկ անգամ օգտագործեց 907-րդ բանաձը շրջանցելու իր իրավունքը 2009 թվականին՝ իներցիայի ուժով (համենայն դեպս այլ դեպքերի մասին հանրային որևէ աղբյուրներում տեղեկություններ չկան)։

Մինչ օրս 907-րդ բանաձևը օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է, որն էապես խանգարում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը՝ տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում։ 907-րդ բանաձևը հայկական համայնքի և լոբբիստների համատեղ աշխատանքի արդյունքում ընդունված բացառիկ իրավական ակտ է, որը քաղաքական օրակարգ է թելադրում Ադրբեջանի հետ ԱՄՆ երկկողմ հարաբերություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել