Վերջապես որոշվեց Երևանում տեղադրել մեծանուն հայ զորավար, ազգային գաղափարախոս ու անձնվեր գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Այն տեղադրվելու է Կառավարական թիվ 3 մասնաշենքի դիմաց՝ Հանրապետության և Նալբանդյան փողոցների միջև գտնվող զբոսայգում՝ Վերնիսաժի կողքին: Արձանը դիմահայաց նայելու է Հանրապետության փողոցի կողմ: Սպասված էր ու ողջունելի այս քայլը: Բայց ցավալի է, որ առ այսօր Երևանում չկա ՀՀ հիմնադիր խորհրդանշական անձի՝Արամ Մանուկյանի արձանը:
Առաջարկում եմ նույն այգու մյուս թևում՝ Նալբանդյան փողոցի կողմից՝ Հայաստանի Պատմության թանգարանին դիմահայաց նայող ուղղությամբ էլ տեղադրել Արամ Մանուկյանի արձանը: Տեղը խորհրդանշական կլինի Արամ Մանուկյանի արձանի համար. մի կողմից Արամի փողոցն է և մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայանը, մյուս կողմից՝ Հարապետության հրապարակը, թիկունքում՜ Հանրապետության փողոցը, իսկ դիմացը՝ Հայաստանի պատմության պետական թանգարանը:
Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի արձանների իրար մոտ՝ մեկ այգում տեղակայումը նաև խորհրդանշական կցուցադրի Հայաստանի Առաջին Հանրապետության և Լեռնահայաստանի միասնությունը՝ որպես մեկ ամբողջություն, որոնց երկուսի երբեմնի գոյությամբ էլ այսօր պայմանավորված է մերօրյա Հայաստանի Հանրապետության գոյությունը՝ Սյունիքից մինչև Շիրակ ու Լոռի:

Հ.Գ. Երևանի քաղաքապետարանն այս գրառումս կարող է դիտարկել որպես ՀՀ քաղաքացու կողմից առաջարկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել