Ամերիկացի գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ սննդում լոբազգիների` լոբու, ոսպի, ոլոռի օգտագործումն ամրապնդում է մկանները եւ բարելավում` դիաբետի դեպքում, ինքնազգացողությունը:
«Ցածր գլիկեմիկ ինդեքսով լոբազգիները նվազեցնում են սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը եւ դրական ազդեցություն ունենում երկրորդ տեսակի շաքարային դիաբետով հիվանդների վրա», - նման եզրակացության են հանգել Տորոնտոյի համալսարանի հետազոտողները:
Գիտնականների խումբը` Դեւիդ Ջենքինսի գլխավորությամբ, փորձարկում է իրականացրել, որին մասնակցել է երկրորդ տեսակի դիաբետով 121 հիվանդ: Բժիշկներն ուսումնասիրել են ոլոռի, լոբու, ոսպի եւ այլ լոբազգիների հիմքով սննդակարգի ազդեցությունը նման ախտորոշմամբ մարդկանց առողջության վրա, եւ արդյունքում մի քանի բարենպաստ միտում են հայտնաբերել:
Այսպես, պարզվել է, որ լոբազգիները, որպես շատ ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքներ, նպաստում են ճնշման նվազմանը եւ դրանով կրճատում սրտի հիվանդության զարգացման վտանգները: Գիտնականները նաեւ նշել են, որ լոբազգիներով հարուստ սննդակարգը դիաբետով հիվանդներին օգնում է ավելի լավ վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
Մասնագետների կարծիքով, օրական անհրաժեշտ է գոնե 190 գրամ լոբազգիներ օգտագործել. այդ դեպքում լոբին, ոսպը եւ ոլոռը սիրտ-անոթային հիվանդության համար «դեղերի» դեր կխաղան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել