Որպես «Կիսաբաց Լուսամուտների» արդեն սկանդալային դարձած, բայց դեռ չցուցադրված թողարկմանը մասնակցած մարդ, ուզում եմ փաստել, որ իսկապես, այդ օրը խայտառակ ծեծկռտուք ու տուրուդմփոց է եղել հաղորդման նկարահանման տաղավարում, որի արդյունքում իրոք եղել են տուժողներ։ Ես ճիշտն ասած զարմացած եմ, թե ինչ կայծակնային արագությամբ է տարածվել այս լուրը ու ինչ բուռն քննարկումներ են գնում հիմա մեկնաբանություններում, ուստի ասեմ, թե ինչ է եղել, իսկ եղելությունը կայանում է հետևյալում․
Հաղորդման հերոսները նկարահանման հենց առաջին րոպեներում չեղած տեղից հարձակվեցին իրար վրա։ Չմանրանալով մանրամասների մեջ, ասեմ ուղղակի, որ այդ ընտանիքի հոգեկան խնդիրներով չափահաս զավակը, ում բերել էին հետները, որովհետև չէին կարող մենակ թողնել, ներխուժեց նկարահանման տաղավար ու հարձակվեց եղբոր կնոջ վրա ու սկսեց ծեծել նրան։
Բնականաբար, մարդիկ միանգամից շտապեցին բաժանել նրանց ու դադարեցնել այդ խայտառակությունը ու առաջինը, ով վրա հասավ, հաղորդման ադմինիստրատորներից մեկն էր։ Այդ տղան միանգամից մոռացավ հարսին ու հարձակվեց այդ ադմինիստրատորի վրա, տապալեց նրան ու նրանք գետնի վրա գլորվելով դուրս եկան տաղավարից, ընթացքում ոտատակ տալով ու տապալելով օպերատորներից մեկին։
Այդ պահին արդեն ադմինիստրատորին էր օգնություն պետք լրջով ու արդեն էլ ինչ փորձագետ, ինչ հաղորդավար, սաղ իրանց գցեցին էդ կաշայի մեջ։ Ես որ հասա, գետնի վրա գլորովող ինչ որ խառը զանգված էր՝ ձեռքերից, ոտքերից ու մարմիններից բաղկացած։ Կատաղած Հրաչին տեսա, ով խառնված մազերով գոռում էր, որ անվտանգության աշխատակիցներին կանչեն, իսկ հետո նկատեցի նաև, որ կաղում է։ Մի խոսքով, մի կերպ բաժանեցինք իրարից, բայց քիչ անց նորից տուրուդմփոց սկսեց ու արդեն անհնար էր ֆիքսել, թե ում ու քանի անգամ հասցրեց հարվածել այդ տղան։
Ի վերջո, եկան անվտանգության աշխատակիցները ու այդ տղայի հոր օգնությամբ մի կերպ հանգստացրեցին ու հեռացրեցին տաղավարից, ինչից հետո էլ դեռ կատաղած ու խառը մազերով Հրաչը պահանջեց, որպեսզի բոլորը ջնջեն վիդեոները եթե արել են։ Ես չգիտեմ, թե որքանով է կարելի դա որակել, որպես «Հրաչ Մուրադյանին ծեծել են», որովհետև էդ խառը խփոցու մեջ չեմ հաշվել, թե ով՝ ում ու քանի անգամ է խփել, կամ անզգուշությամբ կպել։ Համենայն դեպս, վիզուալ ամենաշատը հաղորդման ադմինիստրատորն էր տուժել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել