Քառասուն օր, քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե երկու տախտակները՝ ուխտի տապանակները։ Տերն ինձ ասաց. «Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև անօրեն դարձավ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք արդեն շեղվել են այն ուղուց, որ պատվիրել էիր նրանց, և իրենց համար ձուլածո կուռքեր են պատրաստել»։ Տերն ինձ ասաց. «Քեզ հետ խոսել եմ մեկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. ՚Տեսա քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է։ Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, երկրի երեսից ջնջեմ նրանց անունը և քեզ ավելի մեծ, հզոր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են՚»։ Ես դարձյալ իջա լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքված էր կրակով։ Տեսնելով, որ մեր Տեր Աստծու առջև մեղք եք գործել՝ ձեզ համար ձուլածո կուռքեր եք պատրաստել, շեղվել եք այն ուղուց, որ Տերն էր պատվիրել, վերցրի իմ ձեռքի երկու տախտակները և ձեր աչքի առջև ջարդուփշուր արեցի։ Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջև աղաչեցի, հաց չկերա, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քավության համար, որովհետև մեր Տեր Աստծու առջև չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։ Ես վախենում էի նրա բարկությունից ու զայրույթից, որովհետև Տերը բարկացել էր ձեզ վրա ձեզ կոտորելու աստիճան։ Այս անգամ էլ լսեց ինձ Տերը։ Նա խիստ բարկացել էր նաև Ահարոնի վրա, ուզում էր սպանել նրան։ Ես այս անգամ էլ աղոթեցի Ահարոնի համար, ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածվեց։ Այդ փոշին լցրեցի լեռից իջնող վտակի մեջ։
Երբ Տերը ձեզ ուղարկեց Կադեսբառնեայից, ասաց. «Ելե՛ք ժառանգեցե՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ», բայց դուք չհնազանդվեցիք ձեր Տեր Աստծու խոսքին, չհավատացիք նրան, չանսացիք Տիրոջ ձայնին։
(Երկրորդումն Օրինաց 9:11-23)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել