Վերջին շրջանում բավական բուռն ներքաղաքական գործընթացներ տեղի ունեցան Թուրքիայում, որոնք ի ցույց դրեցին քաղաքական և հատկապես իշխող կուսակցության վերնախավում առկա որոշակի խմորումները: Դա հատկապես ավելի վառ դրսևորվեց նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հայտնի ելույթից հետո: Այս համատեքստում, քաղաքական տարբեր վայրիվերումների մեջ Էրդողանը հաճախ է ի ցույց դնում իր իռացիոնալ պահվածքը, և հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ օրեր առաջ, երբ հայտարարեց, թե չի հարգում սեփական երկրի սահմանադրական դատարանի կայացրած վճիռը: Էրդողանի նման կեցվածքն ու հունից դուրս գալը, ինչը շատ է բնորոշ նրան, պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական դատարաննն սկսել է վերանայել Էրդողանի «սուբյեկտիվ» հանձնարարականների արդյունքում կատարված քայլերը: Խնդիրը վերաբերում է ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ու Անկարայի խմբագրության ղեկավարի ազատ արձակման վերաբերյալ դատարանի կայացրած վճռին: Վերոնշյալ լրագրողները ձերբակալվել էին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիա գաղտնի զենքի մատակարարման վերաբերյալ լրագրողական բացահայտումներից հետո: Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել լրագրողների` ապօրինի կալանքի տակ գտնվելու վերաբերյալ:
Էրդողանի այդ հայտարարությունը բուռն արձագանք առաջացրեց երկրի քաղաքական դաշտում: Ընդդիմադիրները այն որակեցին որպես «նախագահի կողմից օրենքի գերակայության ոտնահարում», իսկ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը այն համարեց ոչ ավել ոչ պակաս` «երկրի նախագահի ժողովրդավարական իրավունքի իրացում»: Միջազգային մամուլն էլ`
Էրդողանի համար լրագրողների վերաբերյալ ՍԴ-ի կայացրած խիստ ցավոտ որոշումից բացի, հակասահմանադրական են ճանաչվել օրենսդրական որոշ փոփոխություններ, որոնք իրականացվել էին կրկին Էրդողանի ցուցումով: Այս անգամ սահմանադրական դատարանը «արդարադատության ու արդարության պահանջի ազատությանը» հակասող է ճանաչել բարեփոխումների ենթարկված հատուկ ծառայությունների մասին օրենքի որոշ դրույթներ, որոնք արգելում էին հատուկ ծառայությունների աշխատակիցներին իրենց պարտականությունների ու գործողությունների հետ կապված գործերով դատարանում վկայություն ու ցուցմունք տալ: 2014թ. իրականացված օրենսդրական փոփոխություններով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գործունեության լիազորություններն էականորեն ընդլայնվեցին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կազմակերպության ղեկավար և Էրդողանի մտերիմ Հաքան Ֆիդանը կանչվել էր դատարան ցուցմունք տալու: Նոր օրենքով էականորեն բարդացվեցին և սահմանափակվեցին առանց վարչապետի համաձայնության` այդ կառույցի աշխատակիցներին ցուցմունքի կանչելու հնարավորությունները: Դժվար է պնդել, որ սա կապված է կոնկրետ այդ խնդրի հետ, սակայն պարզ է, որ սահմանադրական դատարանն ընտրել է Էրդողանի հրամանով իրագործված որոշ արարքների իրավական վերախմբագրման տարբերակը, ինչն էլ լրջորեն սրում է ոչ միայն դատական համակարգում առկա հակասությունները, այլ` Էրդողան-դատական համակարգ հակամարտությունը:
Ակնհայտ է, որ Էրդողանի համար անընդունելի է երկրում ցանկացած հակակշիռ, նույնիսկ Սահմանադրական դատարանի առկայությունը, որը չի ներկայացնում ու պաշտպանում նախագահ Էրդողանի սուբյեկտիվ որոշումներն ու հարցականի տակ դնում անսահմանափակ իշխանության հավակնությունները: Իսկ այս պարագայում Էրդողանը ձեռքերը ծալած չի կարող նստել և հերթական հարվածն է պատրաստելու սահմանադրական դատարանի դեմ` սկզբնական շրջանում անդամների դեմ իրականացվելիք տարբեր «հատուկ օպերացիաների» տեսքով: Թուրքիայում Էրդողանի կողմից նման օպերացիաների պակաս չի զգացվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել