Աստղաբան, հասարակական գործիչ

Հին ու բարի նախնադարում, երբ մայրիշխանություն էր, չար տղամարդիկ դավադրաբար օգտվեցին կանանց թույլ ու պասիվ լինելու հանգամանքից, հաստատեցին հայրիշխանություն և սկսեցին շահագործել նրանց: Դարերի ընթացքում բոլոր չափերն անցան ու մի օր էլ կանայք հավաքվեցին, ստեղծեցին «emancipatio» քաղաքական շարժումը, որը նպատակ ուներ ազատելու նրանց «հայրերի լծից», հետագայում շարժումը վերաճեց «ֆեմինիզմ» անվամբ կուսակցության, որն էլ իր համագումարում որոշեց «հեղափոխություն» անել, պահանջներ ներկայացնել տղամարդկանց, բողոքելով անարդարությունների ու խտրականությունների դեմ: 
Իհարկե կանանց պայքարն անհիմն չէ: Ո՞վ չգիտե, թե որքան հաճախ են կանայք բռնության ենթարկվում ընտանիքում, որքան հաճախ են նվաստացվում, երբ կարծիք են հայտնում և այլն: Չկարողանալով հաղթահարել կենցաղային խնդիրները, սեփական անլիարժեքության զգացումից դրդված՝ տղամարդը սաստում կամ ծեծում է կնոջը, ընտանիքում վախի մթնոլորտ ստեղծում, որ ոչ մեկը չհամարձակվի ծպտուն հանել: Բայց… Մտածե՞լ եք արդյոք, թե որքան դժվար է տղամարդ լինելը: Քեզնից սպասում են անպայման ուժեղ ու անկոտրում լինել, այն դեպքում, երբ դու էլ մարդ ես, ունես թերություններ, թուլություններ: Ինչո՞ւ տղամարդիկ սովորաբար մեզ՝ կանանց, չեն պատմում իրենց պրոբլեմների մասին, որովհետև համոզված չեն, որ հետագայում չենք օգտվի այդ թուլության արտահայտումից: Նրանք ստիպված են մեր ներկայությամբ միշտ հզոր պատի դերում լինել: Այնքան հաճախ է խոսվել կանանց նկատմամբ տղամարդկանց աշխարհի անարդար վերաբերմունքի մասին, որ ձևավորվել են տղամարդ-չարագործ, կին-զոհ դերերը: Բայց այս ալիքին տրվելով շատերը չեն նկատում անգամ, որ ինչ-որ իմաստով հիմա էլ տղամարդիկ են հայտնվել աննախանձելի դերում:
Տղամարդիկ աստիճանաբար ավելի ու ավելի են ընկճվում, դադարում են զբաղվել իրենց առողջության և առաջնորդի դիրքը պահպանելու հարցերով: Տղամարդկանց կյանքի տևողությունն ավելի կարճ է: Մեզ մոտ այժմ միջին տարիքի կնոջ համար գործ գտնելն ավելի հեշտ է, քան տղամարդու համար: Եթե հաշվի առնենք կենսամակարդակը, ապա հասկանալի է, որ չարքաշ կյանքով ապրող տղամարդկանցից ոչ բոլորն են ի վիճակի բեռնակրի, սևագործ բանվորի աշխատանք կատարելու, տարիների հետ վատթարացող առողջական վիճակի հետ կապված: Էլ չասեմ, որ կարևոր պայման է նաև բարետես լինելը: Թերսնվող, մշտապես նյարդային լարվածության մեջ գտնվող ու պրոբլեմները սովորաբար էժանագին սիգարետի ծխի մեջ խեղդել փորձող տղամարդը բարետես կլինի՞:
Չգիտեմ, չեմ ուզում, որ տղամարդիկ բարդ վիճակում լինեն, բայց կարծում եմ, որ ամեն ինչի սկզբնաղբյուրը հավասարությունը պահպանել չկարողանալու մեջ է: Այ այս մտորումներից ելնելով որոշել եմ «Կանանց և տղամարդկանց հավասարության պաշտպանության կոմիտե» ստեղծել))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել