«Ես բոլորիցդ կբողոքեմ Աստծուն» արտահայտությամբ աշխարհը ցնցած սիրիացի փոքրիկը չի մահացել

Բոլորն էլ կհիշեն, որ ընդամենը երկու տարի առաջ համացանցը ողողվեց Սիրիայի պատերազմում զոհ դարձած  3-ամյա սիրիացի փոքրիկի պատմությամբ ու փշաքաղվելու չափ հուզիչ լուսանկարով, որի անգամ անուն-ազգանունը հայտնի չէ առ այսօր: Նրա այս հայտնի լուսանկարը արվել էր հիվանդանոցում, որտեղ նրան բերել էին բազմաթիվ բեկորային վնասվածքներով եւ ներքին արյունահոսությամբ: «Ես բոլորիցդ կբողոքեմ Աստծուն, եսնրան ամեն ինչ կպատմեմ...», - ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների, մահանալուց առաջ փոքրիկը այսպիսի արտահայտություն էր արել, ինչից ցնցված բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում ուշքի գալ: Սակայն, պարզվում է` սիրիացի փոքրիկին չի հաջողվել հանդիպել Աստծո հետ, քանի որ Աստված ավելի վաղ է լսել փոքրիկի ձայնն ու թույլ չի տվել մահանալ: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ մի հայուհու սոցցանցային գրառումից, ով ակամայից դարձել է այս պատմության մասը, սակայն ինչպես ինքը պնդեց, ցանկանում է մնալ վարագույրի հետեւում ու չբարձրաձայնել իր անձի մասին: Մեր զրուցակիցը պատմեց, որ սիրիացի փոքրիկը այնքան նման է իր որդուն, որ տղան, երբ առաջին անգամ տեսել է նկարը, շփոթվել է. «Ինձ հարցրեց` մամ, ինչի՞ եմ ստեղ լացում…Համոզված էր, որ ինքն է: Առաջին օրվանից ինձ ցնցել է այս պատմությունը եւ, իրոք, շատ հուզել էր նկարը: Նույնիսկ բարեկամներս էին ինձ գրում, թե ինչ ակնհայտ է նմանությունը: Ամեն տեղ գրված էր, որ սիրիացի փոքրիկը մահացել է, ուրիշ տեղեկություն չէինք գտնում: Բայց ես չէի հավատում, որ նա մահացել է ու զգում էի, որ Աստված փրկել է փոքրիկին: Ու այս համոզմունքն ինձ ստիպեց շարունակել փնտրտուքները: Մտածեցինք գտնել հայտնի լուսանկարի հեղինակին եւ գտանք»:  Իսկ լուսանկարի հեղինակը ազգությամբ հույն ԱՐԻՍ ՄԵՍԻՆԻՍՆ է, որն արդեն մի քանի տարի է, ինչ իր տեսախցիկով վավերագրում է սիրիական պատերազմը: Հույն հայտնի լուսանկարիչն անմիջապես արձագանքել է հայուհու նամակին ու հաստատել հետեւյալը. «Սիրիացի հայտնի փոքրիկի լուսանկարը արվել է դեռեւս 2012 թվականին: Փոքրիկի ընտանիքը Հալեպում ռմբակոծության պատճառով զոհվել է, բայց նրան հաջողվել է հրաշքով փրկվել: Ավելին` հիվանդանոցում այս լուսանկարն անելուց մի քանի ժամ հետո բարեկամները տարել են տղային»: Ի դեպ, մեր հայրենակցուհուն հաջողվել է նաեւ կապ հաստատել Հալեպի այն հիվանդանոցի հետ, որտեղ բուժվել է փոքրիկը, բայց նրա մասին որեւիցե տեղեկություն հրաժարվել են տալ: Թե ինչ է եղել տղայի հետ հետագայում, հույն լուսանկարիչն էլ ոչ մի տեղեկություն չունի, այնուամենայնիվ, հայուհին վստահ է, որ մի օր անպայման գտնելու է սիրիացի փոքրիկին, որը չափազանց նման է իր տղային եւ հենց այդ նմանությունը պատճառ դարձավ, որ ի լուր աշխարհի հայտնի, որ նա ողջ է ու, երեւի թե, արդեն դպրոցական տարիքի տղա է:

Իսկ մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ մի օր իսկապես կգտնվի տղան եւ կիմանա, որ Հայաստանում իր մահով դառնացած ու իր ողջ լինելու մասին լուրով երջանկացած ընտանիք կա: Մեր հայրենակցուհին շարունակում է փնտրել նրան` իր աջակցությունը ցուցաբերելու համար: Այնպես որ, հնարավոր տեղեկությունների դեպքում դիմեք մեզ` «Իրավունքի» ֆեյսբուքյան էջի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել