1033047484Սառը պատերազմի ավարտից հետո առաջին արտաքին ճգնաժամը, որում ԱՄՆ-ն անմիջական մասնակցություն է ունեցել եղել է «Փոթորիկ անապատում» գործողությունը: 1990 թվականի օգոստոսին Իրաքի բռնապետ Սադամ Հուսեինն իր զորքին հրամայել էր տեղակայվել Քուվեյթում:

Պետք է նշել, որ սա ոչ թե սովորական ագրեսիա էր, այլ լուրջ մարտական պատրաստվածության արդյունք: Մինչ այդ ԱՄՆ-ն Իրաքին ռազմական մեծ օգնություն էր ցուցաբերել՝ Իրաքի և Իրանի 8-ամյա պատերազմի ընթացքում՝ դարձնելով Իրաքին 4-րդ ամենամեծ բանակն ունեցող պետությունն աշխարհում:

ԱՄՆ-ի համար Քուվեյթը նավթ մատակարարող խոշոր պետություն էր: Իրաքի նման ձգտումները վտանգավոր էին նաև հարևան Սաուդիան Արաբիայի համար, որը նույնպես նավթ արտահանող խոշոր պետություններից մեկն էր: Եթե Սաուդյան Արաբիան ընկներ, ապա Իրաքն աշխարհի 1/5-րդ նավթի մատակարարը կդառնար: Այս ամենը լավ հասկանալով ողջ աշխարհը սպասում էր Սպիտակ տան քայլերին: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահն ավագ Բուշն էր, ով հաջորդել էր Ռոնալդ Ռեյգանին: Ավագ Բուշը հայտարարել էր, որ դեպքերի նման զարգացում չի կարելի թույլ տալ:

1990 թվականի վերջերին ԱՄՆ-ը մասնակցել է Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը, որը հայտնի է «Պաշտպանություն անապատում» գործողությամբ: Շուրջ 500.000 ամերիկյան զորքեր տեղակայվել էին Սաուդյան Արաբիայի տարածքում՝ Իրաքի հնարավոր հաձակումը կանխելու նպատակով: Հետագայում ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից աջակցություն էր ակնկալում, սակայն, ինչպես հայտնի է, Իրաքը Խորհրդային Միության դաշնակիցն էր, ինչի համար էլ վերջինս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իրաքում վերջինիս հնարավոր ռազմական գործողությունները կանխելու նպատակով վետո կիրառեց: Սակայն 1990-ականներին Խորհրդային Միությունը ներքին փոփոխություններ էր իրականացնում, ինչն էլ ստիպեց չմիջամտել ԱՄՆ-ի գործողություններին: ՄԱԿ-ը դատապարտեց Իրաքի գործողությունները և օգնեց կոալիցիա ձևավորել և ռազմական ճանապարհով պայքարել Սադամի ռեժիմի դեմ:

Ավագ Բուշը, վերհիշելով Վիետնամի դասը, առաջինը փորձեց ստանալ հանրության աջակցությունը: Չնայած հակամարտության առճակատման դեմ լուրջ ընդդիմացողների առկայությանը, ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև Կոնգրեսականների մեծ մասը, կողմ էր նախագահի գործողություններին: Երբ ողջ ուժերը տեղակայվել էին Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ը վերջնագիր ներկայացրեց Սադամ Հուսեինին: Համաձայն այդ վերջնագրի, Հուսեինի զորքերը պետք է լքեին Քուվեյթի տարածքը մինչև 1991 թականի հունվարի 15-ը, հակառակ դեպքում կբախվեին բազմազգ ուժերին:

1991 թվականի հունվարի 15-ն էլ անցավ, սակայն Իրաքի կողմից որևէ պատասխան չհնչեց: Հաջորդ գիշեր «Պաշտպանություն անապատում» գործողությունը դարձավ «Փոթորիկ անապատում»: Իրաքի ռազմական թիրախների ռմբակոծումը տեղի ունեցավ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, որի ժամանակ շուրջ 2500 առաքելություն իրականացվեց: Իրաքն օգտագործեց Scud տեսակի հրթիռներ, որպեսզի հակահարված հասցնի Սաուդիան Արաբիայում և Իսրայելում տեղակայված ամերիկյան զորանոցներին: Իրաքն Իսրայելի նկատմամբ հրթիռներ օգտագործելով ցանկանում էր, որպեսզի հարևան արաբական երկրները նույնպես ներգրավվեն այս կռվում, սակայն դիվանագիտական ճնշման և բանակցությունների արդյունքում արաբ ժողովուրդը չմիջամտեց և չներգրավվեց պայքարում:

Այսպիսով, փետրվարի 24-ին ցամաքային պատերազմ սկսվեց: Չնայած օդային ռմբակոծությունները շաբաթներ շարունակ տևեցին, ամերիկյան զորքը Քուվեյթն ազատագրեց ընդամենը 100 ժամ տևած ցամաքային կռվի արդյունքում: Գործողությունն ավարտվեց փետրվարի 27-ին: Ամերիկյան զորքերը Քուվեյթից ոտքով շարժվեցին և մտան հարավային Իրաք: ԱՄՆ-ի գլխավոր նպատակն իրականացվել էր. Սադամը դուրս էր շպրտված Քուվեյթից, սակայն նա շարունակում էր Իրաքը ղեկավարել Բաղդադից: Նախագահ Բուշը վախենում էր, որ դաշնակիցները չէին կարող օկուպացնել Բաղդադը: Մտահոգութուն կար, որ, եթե Սադամի ռեժիմը տապալվի, ապա ողջ ազգը կարող է քաղաքացիական պատերազմի մեջ ներգրավվել: Շուտով Իրաքը համաձայնվում է հրադադարի մասին պայմանագիր կնքել, արդյունքում հակամարտությունը դադարեցվում է:  

Operation Desert Storm 2

Իրաքը Քուվեյթը դատարկ ձեռքերով չէր լքել: Օկուպացիայի ժամանակ միլիոնավոր դոլարների արժողությամբ թալան էր իրականացվել: Իրաքը, հասկանալով, որ ստիպված է լինելու տարածքը լքել, պայթեցրել էր Քուվեյթի նավթային հորերը:

Տարածաշրջանում լարվածությունը կրկնապատկվեց, երբ Իրաքը նավթը լցրեց Պարսից ծոց: Ծախսերը հսկայական էին, իսկ զոհերի թիվը՝ ապշեցուցիչ: Չնայած նրան, որ այս ճակատամարտում Իրաքը հարյուր հազարավոր զոհեր տվեց, Ամերիկան միայն 148 զոհ ունեցավ: Այս հարաբերակցությունը պայմանավորված էր ԱՄՆ-ի բանակի՝ ժամանակակից ռազմատեխնիկայով հագեցվածությամբ:

Պարսից ծոցի պատերազմն աշխարհում առաջին անգամ հեռարձակվեց հեռուստատեսությամբ: CNN հեռուստաալիքը շուրջօրյա սկզբունքով լուսաբանում էր իրադարձությունները: Ամերիկացիները և CNN-ի հետևողները հնարավորություն ունեին հետևել, թե ինչպես էին նորարարական ռումբերը ոչնչացնում հակառակորդի թիրախները: Այս ճակատամարտում առաջին անգամ օգտագործվեցին ռադարների համար անտեսանելի կործանիչներ:

Operation Desert Storm 3

Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ն առաջին անգամ ռազմական կոնֆլիկտում ներգրավվեց: Հմուտ դիվանագիտությունն ապացուցեց, որ Միավորված ազգերի կազմակերպությունն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել որպես գործող ուժ: Չնայած նրան, որ Մոսկվան իր համաձայնությունը չտվեց ռազմական գործողություն սկսելուն, ԱՄՆ-ն իրականացրեց իր ռազմական ծրագիրը: Բազմազգ ազգերի որոշումն իր ազդեցությունը տվեց: Վիետնամում անհաջողություն ունենալուց հետո ամերիկացիներն առաջին անգամ լայնամասշտաբ հաջողության հասան: Այս հաղթանակով ամերիկացիները ևս մեկ անգամ համոզվեցին, որ իրենց ռազմական տեխնիկան լավագույնն է աշխարհում: Նախագահ Բուշը հայտարարեց, որ նոր աշխարհաքաղաքական կարգ է հաստատվել:

Տաթևիկ Վարդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել