1996 թվական, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, 52-րդ խուց: 12-14 հոգու համար նախատեսված խցում մի կերպ տեղավորված է 20-ից ավելի կալանավոր: Նրանց մեջ է նաև մաթեմատիկոս, ծրագրավորող Գուրգեն Մարտիրոսյանը, որը հանգամանքների բերումով, այդ թվում նաև քաղաքական, դրանից մեկ տարի առաջ հայտնվել էր այնտեղ:

Խցի դուռը բացվեց: Ներս բերեցին նոր կալանավոր. «Պայծառ դեմքով մի երիտասարդ էր,- հիշում է Գուրգեն Մարտիրոսյանը,- երբ մտավ խուց, նրա դեմքի արտահայտությունն ինձ էնքան բան ասաց: Մարդ կա` դեմքին նայում ես` տեղով պրոբլեմ է, էդ տղան լույս էր արձակում, դա հազվագյուտ երևույթ է»:

Սկսվեց սովորական հարցուփորձը` ինչ է եղել, ինչ գործ է և այլն: Մեր զրուցակցի խոսքով` Մհերը եզակի էր նաև նրանով, որ բոլորի պես չէր շտապում պաշտպանել իրեն ու արդարացնել: Նա առաջին հերթին մեծ ցավ էր ապրում, որ ընկերը սպանվել է. «Եթե դա կեղծ լիներ, 5 րոպե հետո կբացահայտվեր»,- ասում է Գուրգեն Մարտիրոսյանը:

Մհերն իրեն չէր արդարացնում, ընդունում էր, որ այդ սպանության մեջ իր մեղքի բաժինն էլ կա, քանի որ ինքը չի կարողացել բաժանել ընկերներին վեճի ժամանակ, և Արամը սպանել է Իոսիֆին:

Հետո, երբ սկսում է Մհերի հետ ավելի մոտիկից շփվել, հասկանում է, թե որքան կիրթ, գրագետ տղա է և ինչ պարզ ու անկեղծ հոգի ունի: «Նա ուղղակի ի վիճակի չէր այդ դաժան արարքը գործել, և դա այնքան ակնհայտ էր, որ ես 100 տոկոսով համոզված եմ` նա մարդասպան չէ»:

Այդ համոզմունքը հանցագործ աշխարհի հետ որևէ կապ չունեցող Գուրգեն Մարտիրոսյանին տվել էր ոչ միայն բանտախցում հարյուրավոր տարբեր կալանավորների հետ շփումը, այլև իր մաթեմատիկական իմացությունը: Ասում է, որ կյանքում էլ մարդկանց շատ արագ է ճանաչում. «Բայց բանտախցում մարդուն ճանաչելը մոտ 10 անգամ ավելի արագ է տեղի ունենում: Մի քանի քառակուսի մետրում մարդու հետ ապրում ես, և էնքան պարզ է զգացվում` ով է ճիշտ խոսում, ով` ստում»:

Գուրգեն Մարտիրոսյանը հիշում է, որ մի քանի անգամ Մհերին եկել, խցից դուրս են հանել և ինչ-որ բան են ասել: Չնայած Մհերն իրեն պատմել է, բայց հիշում է, որ Մհերին կարծես հույս էին տալիս, և նա հավատում էր, որ ազատ է արձակվելու. «Կարծես փափուկ բարձ էին դնում գլխի տակ: Իսկ նա էնպիսի մարդ էր, որ կարող էր հավատալ, վստահել: Այնպիսի տպավորություն ունեի, որ մյուս  կողմը, օգտագործելով Մհերի մարդկային հատկանիշները, իր գործերն էր կարգավորում: Իսկ Մհերն այն մարդը չէր, որ մյուս կողմին տրորելով` իր շահերն առաջ տաներ: Վստահ եմ, որ եթե ինքը մեղավոր լիներ, կընդուներ իր մեղքը և ոչ մի վայրկյան չէր խուսափի կամ մեկ ուրիշի վրա չէր բարդի»:

Հիշում է Մհերի դատավճռի օրը. «Մտավ խուց, շորերը վերցրեց… Տեղափոխվում էր մահապարտների խուց… Նրա վերջին հայացքը չեմ մոռանա…»:

Հիշեցնենք, որ 1996թ. 20-ամյա Մհեր Ենոքյանը դատապարտվեց մահապատժի (2003թ. դատավճիռը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ), իսկ նրա ընկերը` Արամ Հարությունյանը, 15 տարվա ազատազրկման` համակուրսեցուն` Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով: Արամը, ընդունելով իր մեղքը, 15 տարի անց ազատ արձակվեց: Մհեր Ենոքյանը մինչ օրս չի ընդունել իր մեղքը` նշելով, որ մեղավոր է միայն, որ չի կարողացել կանխել սպանությունը:

Ահա թե ինչ է գրել նա վերջերս. «Դեռ 16 տարի առաջ, երբ Արամը փոխեց իր ցուցմունքները և առաջ քաշեց օդից վերցված, ոչ մի ապացույց չունեցող վարկած, թե իբր Իոսիֆի ծնողներից գումար պահանջելու նպատակով է կատարվել սպանությունը, ես քննիչին հայտնեցի ԻՐԱԿԱՆ դրդապատճառը, սակայն նա անմիջապես հեռացավ, ապա հաջորդ օրը եկավ ու ասաց. «Լռի, եթե չես ուզում, որ կամեռում մեռնես, հարազատներիդ մասին մտածի, ախպերդ ինստիտուտ գնալուց կընկնի ավտոյի տակ, մամադ լվացք փռելուց կընկնի 8-րդ հարկից»: Ես լռեցի և հայտնվեցի մահապարտների խցում:  1996թ. հուլիսի 12-ին Արամի և Իոսիֆի միջև վիճաբանության և Արամի կողմից Իոսիֆին սպանելու հիմնական պատճառը եղել է վերջինի քրիստոնյա լինելն ու նրա հրեական անունը: Արամն ատելությամբ էր լցված քրիստոնեության ու հրեաների նկատմամբ և կարծում էր, որ հայ ազգի թշնամիները ոչ թե թուրքերն են, այլ հրեաները, որոնք հայերին պարտադրեցին ընդունել քրիստոնեություն:  Ի դեպ, Արամը մեծացել էր Բաքվում: Թե՛ Արամը, թե՛ նրա հայրը պնդում էին, որ Հայաստանում գոյություն ունի ինչ-որ գաղտնի հակահրեական կազմակերպություն: Սակայն ինչպես նրանք, այնպես էլ նախաքննություն իրականացնող մարմինը, ստիպում էին ինձ լռել… »:

Ցավոք, Գուրգեն Մարտիրոսյանը հասկանում է, որ իրավաբանորեն որևէ կերպ չի կարող ապացուցել այն, ինչ զգում է, և այն, ինչում համոզված է. «Այդ կես տարվա ընթացքում, որ մենք  նույն խցում ենք անցկացրել, ոչ մի վայրկյան նրան չեմ ընկալել որպես հանցագործի: Եթե աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, որ Մհերն ընդունակ է մարդ սպանել»:

Նա ցավ է ապրում մեր դատական համակարգի անկատար լինելու համար, որը կարող է մարդկանց ճակատագրերն այս աստիճանի փոխել: «Շատ կուզենամ օգնած լինել, որ Մհերի անմեղությունն ապացուցվի: Բայց հավանաբար էնպիսի ուժեր են այս ամենի հետևում կանգնած, որոնց բոլորովին ձեռնտու չէ գործի բացահայտումը»,- ենթադրում է նա:

Ի դեպ, կալանավայրում մարդկանց ճանաչելու իր կարողության մեջ Գուրգեն Մարտիրոսյանը համոզվել է մեկ այլ կալանավորի հետ շփումով էլ, որի դեպքում, բարեբախտաբար, արդարությունը վերականգնվել է: «Սամվել անունով մի տղա կար ինձ հետ նստած, որին մեղադրում էին սպանության մեջ: Համոզված էի, որ նա մեղավոր չէ:  Այդ տղային էնպիսի կտտանքների էին ենթարկել, անգամ բաժնում պատուհանից մի ոտքից բռնած կախել էին, բայց նա մեղքն իր վրա չէր վերցրել: Հետո, չկարողանալով մեղքն ապացուցել, նրան ազատ արձակեցին, սակայն մի քանի ամիս անց կրկին ձերբակալեցին: Այս անգամ արդեն հորն ու կնոջն էին բերել բաժին և ասել, որ եթե մեղքը չընդունի, կնոջը կտանեն կողքի սենյակ և…: Ստիպված ստորագրել էր: Որոշ ժամանակ անց իսկական սպանողներին գտան ու նրան ազատեցին: Բայց գիտե՞ք՝ որն է աբսուրդը. որպեսզի այդ մեկ տարին, որ հենց էնպես նրան նստացրել են, իրենց վրա չմնա, սարքեցին, թե իբր թմրանյութի գործով է նստած եղել: Ահա սա  է մեր իրականության արդարադատությունը…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել