Untitled-2Pastinfo.am-ը գրում է.
«Գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել». մանկաբարձ-գինեկոլոգը` ծննդկանին»  «Փաստինֆո» կայքում այս վերտառությամբ 02/07/2016 թվականին հրապարակված հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
 
Հիշեցնենք,  որ 2010թ. նոյեմբերի 16-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծնվել է տղա երեխա, ում ծնունդն ընդունել է տվյալ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը:
 
Կնոջ առաջին հղիությունն է եղել, և հղիության ողջ ընթացքը հսկել է մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: 
 
Վերջինս 38 շաբաթականում որոշել է կնոջը ծննդալուծել  բնական ճանապարհով, երեխան ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում և քանի որ երեխայի քաշը եղել է 5 կիլոգրամ, ստիպված են եղել կիրառել բոլոր հնարավոր ու անհնար հնարքները՝ երեխային դուրս բերելու համար:
 
Բազմակի քաշքշոցների ու սեղմումների հետևանքով երեխան ստացել է աջ բազկային բոլոր հյուսվածքների վնասվածք (тотальный акушерский парез правого плечевого сплетения), բոլոր 5 նյարդերը պոկվել էին, որից երկուսը՝ ողնուղեղից:
 
Երեխայի մայրը մեզ հետ զրույցում նշել էր, որ իր երեխան ծնվելուց շատ ծանր վիճակում է եղել,  չի կարողացել դուրս գալ, խեղդվել է, և հաշվել են, որ նորածինը ծնվել է մահացած: Աբգարի սանդղակով գնահատել են նորածին որդու -1, բացի այդ երեխայի ամբողջ մարմնի վրա եղել են եղունգների ճանկռած հետքեր, կապտուկներ:
 
Երբ երեխայի մայրը հարցրել է, թե ինչու՞ իր երեխան ձեռքը ընդհանրապես չի շարժում, Շուշանիկ Բախշյանը ասել է, որ ուսի շրջանում կապտուկի գեմատոմա է առաջացել, ցավի պատճառով երեխան չի կարողանում շարժել ձեռքը, ավելացնելով՝ «հիմա դա է կարևոր, գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել»:
 
Երեխայի հայրն էլ նշել էր, որ ծննդատան բաժանմունքի վարիչը խոստովանել է, որ ծնվելու ժամանակ երեխային տրավմայի են ենթարկել, և որ դա իրենց մեղավորությունն է` հավելելով, որ այս պահին դա չէ կարևորը, կարևորը՝ երեխան ողջ մնա»: 
 
5 ամսական Էմիլը Գերմանիայում ենթարկվել է բարդագույն վիրահատության, երեխայի բուժումը շարունակվում է, և դեռ առջևում սպասվում են բազմակի ծանր վիրահատություններ: 
 
 «Փաստինֆո»-ում հրապարակված այս հոդվածը Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից  նյութեր նախապատրաստվելու ցուցումով  ոստիկանության Շենգավիթի բաժին էր ուղարկել:
 
Պարզվել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է ներկայանալ ոստիականության Շենգավիթ բաժին և տալ բացատրություն, Բախշյանը դիմումով հայտնել է, որ օգտվում է իր և իր աշխատանքի վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու իրավունքից:
 
Իսկ 5-ամյա Էմիլի մայրը հայտնել է, որ որդու հետ կապված տեղեկություններ մանրամասն ներկայացրել է լրատվամիջոցին՝ հավելելով, որ որպես հանցագործության մասին հաղորդում՝ հիմք ընդունվի նշված կայքի հրապարակումը: 
 
Բացի այդ, 5-ամյա Էմիլի մայրը նաև նշել է, որ թեև իր որդու ձեռքի հետ կապված խնդրի մեղավորը Շուշանիկ Բախշյանն է, սակայն նրա դեմ, որևէ բողոք չի ներկայացնում:
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի  քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում «Փաստինֆո»-ի այս հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 181-րդ և185-րդ հոդվածներով և վճռաբեկ դատարանի՝ 2011թ. փետրվարի 24-ի ԵԿԴ/0176/01/09 որոշման պահանջներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել