Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի։ Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր Եգիպտացիների երկրում, նաև մինչև այժմ՝ Իսրայելում ու ողջ աշխարհի մարդկանց մեջ, քեզ համար ստեղծեցիր մի անուն, որ կա առ այսօր: Իսրայելի քո ժողովրդին դու դուրս հանեցիր Եգիպտացիների երկրից հրաշքներով ու սքանչելիքներով, հզոր ձեռքով ու հաղթական բազկով և մեծամեծ տեսիլքներով։ Նրանց տվեցիր այս երկիրը, ինչպես երդվել էիր իրենց հայրերին՝ տալ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրին քո ձայնին և չընթացան քո հրամանների համաձայն, և այն ամենը, ինչ պատվիրեցիր նրանց գործադնել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։ Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Եղավ այնպես, ինչպես ասել էիր. դու ինքդ էլ տեսնում ես։
Իսկ դու, Տե՛ր, ասում ես ինձ, թե՝ «Արծաթով քեզ համար ագարակ գնիր»։ Ես մուրհակ գրեցի ու կնքեցի և վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնվեց քաղդեացիների ձեռքը»։
Եվ Տերը խոսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ահա ես բոլոր մարմնավորների Տեր Աստվածն եմ. մի՞թե որևէ բան ինձնից կարող է թաքուն մնալ»։ Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Այդ քաղաքը պիտի մատնվի քաղդեացիների ձեռքը և բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրավի դա։ Պիտի գան քաղդեացիները պատերազմելու այդ քաղաքի դեմ եւ հրով այրելու: Պիտի կրակի մատնվեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստվածներին, որպեսզի ինձ դառնություն պատճառեին։ Իսրայելացիներն ու Հուդայի երկրի մարդիկ իրենց մանկությունից ի վեր աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում։ Իսրայելացիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ, - ասում է Տէրը։ -Այն օրից, ինչ շինեցի այդ քաղաքը, մինչև այսօր այն գոյություն ունեցավ ինձ բարկացնելու և զայրացնելու համար. իմ աչքի առաջ պետք է ջնջել դա բոլոր չարիքների համար, որոնք կատարեցին իսրայելացիներն ու Հուդայի երկրի մարդիկ ինձ դառնացնելու նպատակով, իրենք, իրենց թագավորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները, Հուդայի երկրի տղամարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ Նրանք իրենց թիկունքնե՛րը դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Սկզբից ևեթ ես սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։ Իրենց պղծութիւնները դրեցին այն Տան մեջ, որը կրում է իմ անունը։ Իրենց աղտեղությունների համար Ենոմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներին ու աղջիկներին նվիրաբերեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիրել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր կատարել տալ նրանց այդ պղծութունը՝ Հուդայի երկիրը հանցանքի մեջ մեղադրելու համար»։
Արդ, այսպես է ասում Տեր Աստված Իսրայելի այդ քաղաքի վերաբերյալ, որի մասին դու ասացիր, թե մատնվեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերության։ «Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրիվ տվեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրերը, հույսով կբնակեցնեմ նրանց, նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված։ Եվ ես կտամ նրանց մի այլ սիրտ ու ճանապարհ՝ մշտապես երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո՝ իրենց որդիների բարօրության։ Նրանց հետ կկնքեմ հավիտենական ուխտ, որից չեմ հրաժարվի՝ բարություն անելով նրանց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսզի նրանք չապստամբեն իմ դեմ։ Բարություն անելու համար այցի կգնամ նրանց, հավատով, իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց կհաստատեմ այս երկրում»։
(Երեմիայի մարգարեություն 32:19-41)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել