Նախաբան.
Հայտնիներից մեկին հարցնում են, թե որ ժամանակաշրջանում նա կուզենար ապրել:
-Նապոլեոնի օրոք:
-Բայց ինչո՞ւ հենց Նապոլեոնի օրոք:
-Որովհետև այդ ժամանակ միայն մի մարդ էր իրեն Նապոլեոն համարում:

Լինում է, չի լինում, մի երկիր է լինում: Էս երկրում ինտերնետի զարգացման հետ լրատվական կայքեր են սկսում սնկի պես աճել: Սկզբում էս լրատվական կայքերում աշխատում են փորձառու և բանիմաց լրագրողներ, հետո սկսում են աշխատանքի ընդունել ուղղակի լրագրողների, հետո լրագրողության ֆակուլտետներում սովորողների:
Բայց ամեն ինչ դրանով չի սահմանափակվում ու այդ երկրի լրատվական կայքերում սկսում են աշխատանքի ընդունել անգամ նրանց, ովքեր երազում են լրագրող դառնալ, իսկ հետո անգամ նրանց, ովքեր կարողանում են գոնե երկու տառասխալով գրել լրագրող բառը:

Ու քանի որ այդ լրատվական կայքերի լրագրողներն առանձնապես աչքի չէին ընկնում պրոֆեսիոնալիզմով, համակարգչի գործածության և օտար լեզուների իմացությամբ, հատուկ լրագրողների համակարգիչների համար պատվիրում են հատուկ ստեղնաշարեր, որոնց վրա կան միայն CTRL, C, V ստեղները:

Ու տարբեր լրատվական կայքերի լրագրողներն իրարից էին նյութեր գողանում ու նույն կետադրական, քերականական, իմաստային ու տառասխալներով տեղադրում իրենց կայքերում: 
Նրանք իրենց համար ստեղծեցին մի նոր Աստված, ում անունը դրեցին Ռեյտինգ: Ու այդ Աստծո համար նրանք սկսեցին զոհաբերել ամեն ինչ, անգամ իրենց մարդ լինելը:
Նրանց համար ամենադաժան սպանությունները, ինքնասպանությունները, վթարներն ու աղետները դարձան ուղղակի իրենց Աստծուն հասնելու միջոց:
Նրանք այլոց դժբախտությունները դարձրին իրենց հոդվածների անբաժան մասը:

Բայց և դրանով չբավարարվեցին ու տեսնելով բլոգնյուզ.ՖՇ կայքի հաջողությունները՝ նրանք հասկացան, որ կարելի է հոդված գրելու փոխարեն ուղղակի սրա-նրա գրածները տեղադրել իրենց կայքերում, ու ինչքան սկանդալային լինի, այնքան իրենց Աստված իրենց ավելի մոտ կլինի:
Ու այդ լրատվական կայքերը սկսեցին փորփրել սրա-նրա անձնական էջերն ու մտքերը, սկսեցին տեղադրել ու փորձել անցնել արդեն ոչ թե մեկը մյուսին, այլ բլոգնյուզ.ՖՇ-ին:
Ու իրենց համակարգչի ստեղնաշարները դրա համար իդեալական էին:
Ու վառվեցին նրանց մատները այդքան հաճախ նույն ստեղները սեղմելուց: Ու վառվեցին նրանց ուղեղները, երբևէ չաշխատելուց...

Երկնքից երեք հոդված ընկավ, մեկը` այս հեքիաթի հետ կապ չունեցող կայքերին, մյուսը այս կայքերի մշտական ընթերցողներին` որպես հումանիտար օգնություն, և երրորդն ուղղակի թող մնա, մի օր պետք կգա:

Հ.Գ. Մարդ կա, կհարցնի՝ բա Նապոլեոնն ի՞նչ կապ ունի:
Ռազմիկ Ամյանի երգով կպատասխանեմ`
Նապոլեոնը համարյա թե կապ չունի,
Ուղղակի գրել եմ, որ բռնի...

Հ.Հ.Գ. Հա, հանկարծ չմտածեք Ռազմիկ Ամյան եմ լսում, ու ընդհանրապես ես մի քանի տարի նույն չորրորդ դասարանում մնացածի մակարդակի տեքստերով երգեր չեմ լսում:)))

Հ.Հ.Հ.Գ. Բլոգնյուզ.ՖՇ, որվոհետև բլոգնյուզն ում վրա ասես ՖՇՇՇցնումա:)))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել