Հիսուս իր աշակերտներին այս առակը պատմեց.
-Մի մեծահարուստ մարդ կար, որ իր ունեցվածքների վրա մի տնտես ուներ: Երբ այդ տնտեսի մասին մարդիկ ամբաստանություն արեցին՝ ասելով՝ թե իր տիրոջ հարստությունն է վատնում, մեծահարուստը կանչեց նրան և ասաց. «Այդ ինչե՞ր են ասում քո մասին, տո՛ւր քեզ հանձնված իմ բոլոր ունեցվածքների հաշիվը: Դու այլևս իմ տնտեսը չես կարող լինել»:
Տնտեսն ինքն իր մեջ խորհեց. «Ի՞նչ պիտի անեմ, ահա իմ տերն ինձ զրկում է տնտեսի պաշտոնից. բանվորություն անել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Սակայն գիտեմ, թե ի՛նչ պիտի անեմ, որպեսզի երբ տերս ինձ հեռացնի տնտեսի պաշտոնից, մարդիկ ինձ ընդունեն իրենց տները»: Ապա մեկ առ մեկ կանչեց իր տիրոջ պարտապաններին և առաջինին հարցրեց. «Ինչքա՞ն պարտք ունես տիրոջս»: Նա պատասխանեց. «Երկու հարյուր չափ ձեթ»: Տնտեսն ասաց. «Ահա քո պարտամուրհակը. նստի՛ր և անմիջապես գրի՛ր՝ հարյուր»: Հետո հարցրեց մյուսին. «Դո՛ւ ինչքան պարտք ունես»: Նա պատասխանեց. «Չորս հարյուր հիսուն պարկ ցորեն»: Տնտեսն ասաց. «Ահա քո պարտամուրհակը. նստի՛ր և գրի՛ր՝ երեք հարյուր հիսուն»: Տերը, լսելով այս, գովեց անիրավ տնտեսին իր հնարամտության համար, որովհետև այս աշխարհի մարդիկ միմյանց հանդեպ իրենց վարմունքի մեջ ավելի ճարպիկ են, քան լույսի որդիները: Եվ ես ասում եմ ձեզ. աշխարհիկ հարստությունը գործածե՛ք այնպես, որ Աստծու բարեկամությունը շահեք, որպեսզի երբ այս աշխարհից դուրս ելնեք, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ:
Ով հավատարիմ է փոքր ծառայության մեջ, մեծի մեջ էլ հավատարիմ է, իսկ ով փոքր ծառայության մեջ անհավատաիմ է, մեծի մեջ էլ անհավատարիմ է: Հետևաբար, եթե աշխարհիկ հարստությունը գործածելու մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտ հարստությունն ո՞վ կվստահի ձեզ: Այսինքն՝, եթե հավատարիմ չեղաք աշխարհիկ հարստությանը, որը ձերը չէ, ինչպե՞ս եք ուզում, որ Աստված ձեզ տա ձեզ սպասող ճշմարիտ հարստությունը: Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որովհետև կա՛մ մեկին պիտի ատի և մյուսին սիրի, կա՛մ մեկին պիտի մեծարի և մյուսին արհամարհի:
ՉԵՔ ԿԱՐՈՂ ԹԵ՛ ԱՍՏԾՈՒՆ ԾԱՌԱՅԵԼ և ԹԵ՛ ԴՐԱՄԻՆ:
(Ղուկասի ավետարան 16:1-13)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել