Շենքերը մի տեղ կուտակելով` Հին Երևան չես կարող ստանալ... Օրեր առաջ տեղեկացանք, որ կառավարությունը որոշել է գերակա հանրային շահ հայտարարել Աբովյանի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների միջև ընկած Երևանի պատմական քաղաքաշինական հատվածը Գլխավոր պողոտայում, իսկ դա, ըստ կառավարության` հնարավորություն է տալու իրականացնել «Հին Երևան» նախագիծը: Բայց այդ որոշումն ինքնին շատ հարցեր և կասկածներ է հարուցում:

Փաստորեն պարզվում է, որ պետք է ուղղակի քանդվեն նշված հատվածի հին շենքերը, որից հետո այդ նույն տեղում իրար կողք-կողքի վերականգնվեն մոտ 30 շինություններ: Իսկ ի՞նչ սկզբունքով է, օրինակ, որոշվելու, թե որ շենքը պետք է քանդել կամ վերականգնել: Այսինքն, ստացվում է այնպես, որ փաստորեն որոշվել է քանդել Հին Երևանը` հանուն «Հին Երևան» նախագծի: Ահա այսպիսի մի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, և մտավախություն կա, որ նորից հայտնվելու ենք այն խորհրդանշական փոսում, որ ներկայումս փորված է Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում` Աֆրիկայնների քանդված տան տեղում:

ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով հակված չէ, որ Գլխավոր պողոտայի այդ հատվածի վրա արհեստածին «Հին Երեւան» կառուցվի, այդ առումով ասում է հետևյալը. «Դա ո՛չ պատմական արժեք կներկայացնի, ո՛չ միջավայր կստեղծի` մենք մեծ սխալ ենք անում` ոչնչացնելով Գլխավոր պողոտայի վերաբերյալ թամանյանական գաղափարը: «Հին Երևան» նախագիծը չի համապատասխանում Թամանյանի հատակագծին: Այդ ծրագրի շրջանակում ստեղծվելու է ընդամենը սովորական առևտրի կենտրոն, և շենքերն օգտագործվելու են առևտրային նպատակներով, իսկ շենքերը մի տեղ կուտակելով` Հին Երևան չես կարող ստանալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել