Իրանի «վերադարձը» մեծ քաղաքականություն գլոբալ բազմաթիվ խաղացողների համար նոր հեռանկարներ բացեց ինչպես էներգառեսուրսների, տնտեսության տարբեր ոլորտների՝ ծանր ու թեթև արդյունաբերություն, սերվիս, առողջապահություն, ավիացիոն ոլորտ և այլն, այնպես էլ ռազմական արտադրանքի գնման/իրացման տեսանկյունից: Դրան նպաստեց նաև արտերկրւոմ իրանական մոտ 100մլրդ $ ակտիվների ապասառեցումը: Ներկա տնտեսական՝ ոչ այդքան նպաստավոր կոնյուկտուրայի պայմաններում Իրանի տնտեսական ու քաղաքական «վերադարձը» բոլոր երկրների ուշադրությունը կենտրոնացրեց վերջինիս հետ հնարավոր պայմանավորվածությունների մշակման ու դրանց իրացման վրա: Թեհրանն իր հերթին սկսեց մեծ ուշադրությամբ հետազոտել ինչպես տաբեր «շուկաների»՝ իրեն ուղղված առաջարկները, այնպես էլ սեփական շուկա նոր գործընկերներին մուտքի արտոնագիր տալու նպատակահարմարությունը:

Այս առումով հատկանշական է Իրան-ՌԴ հարաբերությունների դիտարկումը, որն իր վրա կրելով քաղաքական մի շարք հարցերում ընդհանուր մոտեցումների ներկա ու նախկին փորձառությունը, նոր պայմաններում կարող է արձանագրել էական առաջընթաց: Սակայն հարկ է նշել, որ ամեն բան չէ, որ այդքան միանշանակ ու կանխատեսելի է այս հարաբերություններում՝ հատկապես ռազմատեխնիկական համագործակցության մասով:

Դիցուկ. ս.թ. փետրվարի 16-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը ընդունեց Իրանի ՊՆ նախարար Հոսեյն Դեհգանին: Հանդիպման օրակարագում առանցքային էր ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցության հարցը: Արդեն տևական ժամանակ Իրանը ռազմական ոլորտի տարբեր ներկայացուցիչների մակարդակով հայտարարում է, թե նպատակ ունի ՌԴ-ից տարաբնույթ ու մեծ ծավալների զինտեխնիկա գնել: ՌԴ-ի համար ֆինանսական ներկա ծանր վիճակում դա կարևոր է: Իրանը, շատ լավ գիտակցելով վերոնշյալը, փորձում է նաև իր համար հնարավոր առավել լավ պայմաններ ապահովել ենթադրելի գործարքի պարագայում:

Ի դեպ, մինչ Իրանի ՊՆ նախարարի այցը, իրանական կողմը ՌԴ-ին էր փոխանցել իրենց հետաքրքրող զինտեխնիկայի տիպերի ու տեսակաների ցանկ, որն իր մեջ ընդգրկում էր՝ «ՍՈՒ-30ՍՄ» (4++ սերունդ) բազմաֆունկցիոնալ կործանիչներ (իրանական ձեռնարկություններում նրանց հետագա արդիականացման ու բարեփոխման հնարավորությամբ), ուսումնառազմական «ՅԱԿ-130» ինքնաթիռներ, «ՄԻ-8» և «ՄԻ-17» ուղղաթիռներ, ծովային հարձակումից պաշտպանման «Բաստիոն» համակարգեր, որոնք համալրված են գերձայնային «Յահոնտ» հրթիռներով, դիզելային ՊՌ-636 «Վարշավյանկա» սուզանավեր, որոնց վրա կարող է տեղադրվել «Կալիբր» հրթիռային համակարգեր, ինչպես նաև ցածր ու միջին հեռահարության ԶՀՀ «Բուկ» համակարգեր: Նշյալ ցուցակում, որքան էլ տարօրինակ է, առկա էր նաև T-90 տանկը: Ի դեպ, ոչ հեռու անցյալում, ինչպես Իրանի ցամաքային ուժերի հրամանատարը, այնպես էլ ՊՆ նախարարը հայտարարեցին, թե իրանական ինժեներները մշակել են «Karrar» տանկը, որը իր տեխնիկական որևէ ցուցիչով չի զիջում Տ-90-ին, ուստի իրենք այլևս անհրաժեշտ հետաքրքրություն չունեն այդ տանկի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերին ուժի մեջ մտավ նախկինում արդեն «վերակնքված» Իրանին ռուսական ՀՕՊ Ս-300ՊՄՈՒ-2 համակարգեր վաճառելու պայմանագիրը, ըստ որի նախատեսվում է Իրանին տրամադրել նշյալ ՀՕՊ Ս-300ՊՄՈՒ-2 տեսակի համակարգերի 5 դիվիզիոն, ընդհանուր թվով 40 արձակման կայան, որի ընդհանուր գինը կազմում է 1 մլրդ $ :

Սակայն հարկ է նշել, որ Իրանի ռազմական ձեռքբերումների նման ախորժակի բավարարումը այս պահին բավական խնդրահարույց է, քանզի, չնայած իրանական միջուկային գործարքը Իրանի առջև բացեց «աշխարհի պատուհանը», սակայն զինտեխնիկայի ձեռքբերման մասով Իրանն այս պահին գտնվում է որոշակի սահմանափակումների տակ. մասնավորապես՝ ՄԱԿ ԱԽ N2231 բանաձևով մինչ 2020թ. Իրանին արգելվում է հրթիռային համակարգերի, տանկերի, սուզանավերի ու ռազմանավերի, ռազմ.ինքնաթիռների ու հրետանային համակարգերի մատակարարումը: Այս պարագայում ինչպե՞ս կվարվի ՌԴ-ն, գիտակցելով, որ Իրանի հնարավոր ռազմ. պատվերների ընդհանուր գումարը՝ 8մլրդ $ իր ՌԱՀ-ի համար այսօր շատ կարևոր է, դժվար է ասել: Հարցը ունի սակայն ոչ միայն իրավական կողմ. ՌԴ-ն շահագրգիռ է, որ Սիրիայում իր միակ դաշնակից Իրանը Մերձավոր Արևելքում լինի ամուր ու պաշտպանված, հետևաբար գործարքների իրականացման համար քաղաքական լուրջ դրդապատճառներ ևս առկա են: Մյուս կողմից՝ Իրանը դեռ 2015թ.-ի սկզբից իր ՌԴ-ի հետ իր պատվերներին զուգահեռ առաջարկում է (երբեմն միգուցե պայման է դնում), որ բացի զինտեխնիկայի ձեռքբերումը, ցանկանում է ստանալ նաև «ռազմ. տեխնոլոգիաներ»՝ իր սեփական ՌԱՀ-ում նշյալ համակարգերի հնարավոր արդիականացման ու սպասարկման համար: Սա, իհարկե, շահեկան չէ ռուսների համար, քանի որ նրանք կորցնում են ռազմ. ապրանքների սպառման շուկայի իրանական սեգմենտը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում ռազմաքաղաքական որոշակի դոմինանտությունը, ունենում են տնտեսական կոնկրետ կորուստներ ու հեռանկարում մտահոգիչ հետևանքեր:

Այսպիսով, փաստ է, որ չնայած սանկցիաներից դուրս եկած Իրանին ռազմական տեխնիկա ու պաշտպանական համակարգեր օդի պես անհրաժեշտ են, սակայն նա մինչև վեջին բաղադրիչը անգամ իր դաշնակիցների հետ փորձում է առևտուր անել ու նրանցից զիջումներ կորզել: Ու չի բացառվում, որ հաշվի առնելով ՌԴ-ի ներկա աննանձելի վիճակը, դա նրան կհաջողվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել