Մենք՝ հայերս վերջին 100 տարիների ընթացքում պահպանել ենք մեզ բնորոշ մի շարք առանձնահատկություններ:

Ընթերցում էի ամերիկացի նովելիստ, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի առաջին ամերիկացի դափնեկիր Սինկլեր Լյուիսի «Մեր պարոն Ռենը; Ջենթլմենի ռոմանտիկ ճանապարհորդությունը» պատմվածքը: Հերոսը՝ ռոմանտիկ պարոն Ռենը, նորարարական ընկերության շարքային աշխատակից է, ով հոր մահից հետո պատկառելի կտակ է ստանում ու որոշում է ճանապարհորդել և ճանաչել աշխարհը:

Աշխատությունը հրատարակվել է 1914 թվականին: Չնայած ոչ շատ խորը և մանրամասն, սակայն անչափ արժեքավոր տեղեկություններ է պարունակում 1910-ական թվականների Նյու Յորքի հայ համայնքի նիստուկացի վերաբերյալ: Հատկանշական է, որ ընթերցելով պատմվածքի այն հատվածը, որտեղ ներկայացվում է Մանհեթենի հայկական ռեստորանը, տպավորություն է ստեղծվում, թե մենք՝ հայերս վերջին 100 տարիների ընթացքում պահպանել ենք մեզ բնորոշ մի շարք առանձնահատկություններ և վարքագծի կանոններ:
Փորձեմ մի հատված պատմվածքից թարգմանել և ներկայացնել, ընդգծելու համար, որ հեղինակը բավականին դիպուկ անդրադարձել է հայերիս և մեր հետաքրքրությունների շրջանակին:

«- Ես գնացի այն հայկական ռեստորանը, որի մասին ասում էիք պարոն Ռեն: Կարծում եմ հաճախակի կայցելեմ այնտեղ` ընթրելու:
- Այո, լավ տեղ է:
- Հաճա՞խ եք այնտեղ ընթրում:
- Այո:
- Կարծում եմ կարող ենք հայկական գնալ նաև միասին: Ասենք վաղը՝ երեկոյան:

...Հայկական ռեստորանը մի բացառիկ վայր էր իր օտարերկրյա կերակուրների տեսականու և մատչելի լինելու պատճառով: Չնայած այն Մանհեթենի 30-րդ փողոցից ներքև էր գտնվում, սակայն բոհեմական վայր դառնալ դեռ չէր հասցրել: Առավելությունների թվում էր նաև այն հանգամանքը, որ այնտեղ երաժշտություննը լավն էր և Միսուրի նահանգից չկային մարդիկ, ում կանայք իրենք իրենց կտտանքների էին ենթարկում և ուտելու փոխարեն անդադար ծխում էին: Այստեղ բարգավաճող արևելյան առևտրականներ էին լինում, ովքեր թանձր թուրքական սուրճ էին ըմպում և անդադար խոսում էին գորգերից և հեղափոխությունից: ... Թերեզը՝ զոհ գնալով քաղաքավարությանը փախլավա պատվիրեց, իսկ պարոն Ռենի ուշադրությունը հարևան սեղանին նստած տղամարդու վրա էր, ով իր կողքի գունատ, սևազգեստ տիկնոջը զոռով համոզում էր չամիչով փլավ, մեղրով բուրմա և խաղողի թփով փաթաթված ինչ որ բան ուտել:»

Առաջարկում եմ կարդալ այս պատմվածքը: Հետաքրքիր է ընթերցել, թե ինչպիսինն են եղել մինչ 1915-ի Մեծ Եղեռնը Օսմանյան կայսրությունից արտագաղթած մեր հայրենակիցները: Անձամբ ինձ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ երաժշտություն էր հայկական ռեստորանում հնչում և ինչու Միսուրի նահանգից այստեղ մարդ չկար: Հավանաբար հայ օլիգարխները նրանց ասել էին, որ էդ կողմերում չերևան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել