Ազգային ժողովի դիմաց լրագրողական բողոքի ակցիայից ես անձամբ եւ որպես լրագրող եւ որպես լրատվամիջոցներից օգտվող քաղաքացի, ամենաշատը վախենում էի մի բանից, որ հանկարծ այդ բողոքի ակցիան չանցնի Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների սկզբունքով, ոճով, գաղափարախոսությամբ: Բուն ակցիայի ժամանակ նման հայտարարություններ չհնչեցին, բայց հետո, արդեն վիրտուալ հնչեց մոտավորապես այսպիսի բան՝ ակցիային մասնակցել են Հանրապետության այն լրագրողները, ովքեր հարգում են՝ ա/ լրագրողական համերաշխությունը, բ/ չեն հանդուրժում իրենց իրավունքների դեմ որեւէ ոտնձգություն: Հենց սրանից էլ ամենաշատը վախենում էի, քանի որ ես միշտ, ամեն անգամ, երբ Տեր-Պետրոսյանի հետ միեւնույն հրպարակում եմ եղել, վախեցել եմ, երբ հարթակից հնչել է՝ այստեղ են Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները հայտարարությունը, վախեցել եմ նախ եւ առաջ հորս համար, ով ՀՀ քաղաքացի է, բայց այդ հրապարակում չէ, եւ չի էլ ուզում այդ հրապարակում լինել:
Բայց ամեն ինչ հերթով: Գիտեք, լավ է, որ լրագրողներն իրենց իրավունքները պաշտպանում են եւ դա անում են բոլորով, կամ գրեթե բոլորով: Դա նույն բանն է, որ լրագրողները բոլորով, կամ գրեթե բոլորով սատարում են լրատվամիջոցին, քանի որ ԱԺ-ի պատգամավորը նրան դատի է տվել՝ երկու անգամ, դա նույնն է, որ լրատվամիջոցները շնորհավորում են իրենցից ամենահնին՝ անկախ Հայաստանի առաջին անկախ թերթի քառորդ դարյա հոբելյանը, դա նույնն է, որ միմյանց ընդդիմադիրի եւ իշխանականների չեն զանազանում....Լրատվամիջոցը՝ ընդդիմադի՞ր, լրատվամիջոցը՝ իշխանակա՞ն, հարգելի ժուռֆակի ուսանողներ, ձեզ ամեն տարի քանի՞ անգամ են սովորեցնում, ստիպում, որ զուբրիտ անենք, որ այն պահից, երբ լրատվամիջոցը դարձավ ընդդիմադիր կամ իշխանական/ինչը նույն բանն է՝ լրատվամիջոցի պարագայում/ այդ պահից այդ լրատվամիջոցը փակ է՝ որպես լրատվամիջոց: Չխորանանք բայց լրագրության տարրական գիտելիքների մեջ, դրանք հիմա մոդայիկ չեն, ի տարբերություն լրագրության, որով զբաղվում են բոլորը, այդ թվում ոստիկանները՝ դե հոգով ոստիկանները, ովքեր այնքան սերտ, նուրբ, ամուր, ձերմ, առողջ, բեղուն, խայտաբղետ, լայնարձակ, սիրատոչոր, ....կապեր ունեն ոստիկանության ու առանձին ոստիկանների հետ, որ վօօբշե էս երկրում պռոբլեմ չունեն, ապէ: Ու լրագրող են, ու պռոբլեմ չունեն, պռոբլեմ չունեն ու լրագրող են: Կամ կուսակցական ցուցակներում ընդգրկվածները, որոնք միտինգներ են կազմակերպում, քարոզարշավ են կազմակերպում, ընտրական ցուցակներում են ընդգրկվում, ճիշտ է ոչ անցողիկ համարներում, բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ երբ որեւէ կուսակցության մեջ հայտնվում է լրագրողական անուն, այդ պահից այդ անունը լրագրողական չէ, անկախ նրանից այդ կուսակցությունը որքան է սիրում էս ազգը, էս պետությունը եւ ատում՝ էս ռեժիմը, ավազակաբոր ռեժիմը: Ու թվում է, այսինքն թվում է նրանց եւ նրանց օգնությամբ՝ շատերին, որ լրագրությունը էտի ընդդիմություն լինելն է: Գիտեք, ինձ սովորեցրել են, որ լրագրությունը ընդդիմանալն է, բայց ընդդիմություն լինելը չէ: Ես հասկանում եմ, որ հնարավոր է իմ դասախոսներն են լավը եղել, կամ իմ՝ լրագրողական միջավայրն է մասնագիտական եղել, բայց լրագրությունը մեղավոր չէ, որ ՏՏ ոլորտը դարձավ երկրում առաջնային ուղղվածություն եւ բոլորը սկսեցին կոմպից գլուխ հանել, ինչը հայերիս պարագայում նշանակում է գրել, ինչը հայրենասեր հայերի պարագայում նշանակում է՝ քլնգել:
Ու հիմա հասել ենք այն օրվան, երբ մեզ ձեռ են առնում եւ ճիշտ են անում: Ոչ թե որովհետեւ մենք զզվում ենք բոլորից, ովքեր մեր հոդվածը չեն լայքում, եւ թշնամանուն ենք նրա հետ, ովքեր մեր հոդվածներին հակառակ քոմենթներ են գրում, այլ, որովհետեւ մենք թքած ունենք մեր ընթերցողի վրա. մեզ ասում են՝ իրա դեմ գրի, հարց չկա, գրում ենք, ասում են՝ հիմա էլ՝ նրա կողմից գրի, գրում ենք, մեզ կուսակցականացնում են, մեզ կուսակցականացրել են: Մենք ժողովրդից թույլ դուրս եկանք, ժողովրդին, օրինակ, չկարողացան, մեզ կարողացան: Ոչ բոլորին, անշուշտ, մի քանիսը դեռ մնում են, ուղղակի այդ մի քանիսը արժանապատիվ լրագրող չեն, որովհետեւ երեքշաբթի օրը, ժամը 13:00-ին Ազգային ժողովի դիմաց լրագրողական բողոքի ակցիային չէին մասնակցում: Ինչո՞ւ, որովհետեւ գիտեն, որ լրագրությունը բողոքի ակցիա անելը չէ, լրագրությունը հոդված գրելն է, ընդդեմ չէ, հանուն, հանուն ինչ-որ մեկի չէ, հանուն ճշմարտության, եթե անգամ այդ ճշմարտությունը խարխլում է լրագրողական, այսպես կոչված համերաշխությունը, ինչը գոնե Հայաստանում չկա, քանի որ Հայաստանում կան լրագրողական թայֆաներ՝ ընդդիմադիր լրագրողներ, իշխանական լրագրողներ, գողական լրագրողներ, միլիցա լրագրողներ, կուսակցական լրագրողներ, ծիտ լրագրողներ, ...ավելի ճիշտ՝ ընդդիմադիրներ, իշխանականներ, գողականներ, միլիցեք, կուսակցականներ եւ ծտեր/ոչ միայն իգական սեռի/, քանի որ միլիցա-լրագրող, օրինակ, չի լինում, լինում է միլիցա, կամ լինում է՝ լրագրող...
Ու ողջ լրագրության անունից խոսելը ողջ ժողովրդի անունից խոսելու պես մի բան է, երկուսն էլ՝ անհաջողության դատապարտված:
Բայց մի լավ բան, այդուհանդերձ տեղի ունեցավ. եկավ այն պատմական պահը, երբ մենք բոլորս լրագրող ենք, ոմանք էլ՝ Գասպարի, եւ լրագրող, եւ Գասպարի չի լինում, կամ լրագրողի, կամ Գասպարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել