Քաղաքական պայքարի մանրամասն մշակված ռազմավարությունը միս ու արյուն է ստանում մանրամասն մշակված մարտավարության և մշակված համալիր գործողությունների միջոցով:
«Մարտավարությունը սահմանափակ իրավիճակում (փոքրամասշտաբ շրջանակներում) զգալի առավելության ձեռքբերման նպատակով առկա ուժերի հմուտ կիրառումն է»: Այսինքն, մարտավարության մեջ պետք է ներառվեն այն սահմանափակ գործողությունները, որոնք կիրառվում են բավականին սահմանափակ և կոնկրետ նպատակի հասնելու համար կամ, այլ կերպ ասած, այն իր մեջ ներառում է այն երթերն ու ակցիաները, որոնք կոնկրետ կարճաժամկետ խնդիրներ են լուծում (օրինակ՝ Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ շարժման ընթացքում Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա կազմակերպած երթերը նստացույցի ընթացքում կամ նույն երթերի ժամանակ այս կամ այն գլխավոր փողոցի երթևեկության ժամանակավոր արգելափակումը): Մարտավարության ճիշտ ընտրությունը կախված է այն հանգամանքից, թե կազմակերպված պայքարի որոշակի փուլում ինչպես կիրառել հնարավոր պայքարի միջոցները, որպեսզի իրականացվի պայքարի մշակված ռազմավարությունը: Մարտավարության մեջ առկա գործողություններն ունեն ավելի կարճ ժամկետներ, ավելի կարճ աշխարհագրական և ինստիտուցիոնալ տարածքներ և այդ գործողություններն իրականացվում են առավել քիչ թվով մարդկանց կողմից ու հետապնդում են առավել սահմանափակ նպատակների իրականացում: Կարելի է արձանագրել, որ մարտավարությունը վերաբերում է ռազմավարության մաս հանդիսացող սահմանափակ գործողություններին, ինչպես ռազմավարությունը՝ հիմնական ռազմավարությանը:
Համալիր գործողություններ կամ մեթոդներ ասելով նկատի ունեմ գործողությունների որոշակի ձև կամ միջոց:
Այսպիսով, արձանագրենք, որ համալիր գործողությունները մշակելիս հարկավոր է կենտրոնանալ պայքարի ընթացքում մարտավարական և ռազմավարական նշանակության նպատակներն իրականացնող հնարավորինս արդյունավետ գործողությունների ընտրության վրա:
Խաղաղ պայքարի ճիշտ և արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման համար անհրաժեշտ է հնարավորինս մանրամասն մշակել հիմնական ռազմավարությունը, դրանից բխող ռազմավարությունը, մարտավարությունն ու դրան սպասարկող համալիր գործողություններն ու մեթոդները: Այս ամենից հետևում է, որ ցանկացած քաղաքական և քաղաքացիական նպատակադրում ունեցող պայքարի կազմակերպիչների ինտելեկտուալ կարողություններով է հիմնականում պայմանավորված խաղաղ անհնազանդության բնույթի շարժումների արդյունավետությունը: Ընդհանրապես, քաղաքական արդյունավետ գործընթացները բավականին ընդհանրություններ ունեն ռազմական արվեստի հետ: Հարկավոր է այդ գործընթացները դիտարկել այդ տեսանկյունից: Որքան ավելի մանրամասն և օբյեկտիվ է գնահատված նախատեսվող քաղաքական կամ քաղաքացիական գործընթացը, այնքան ավելի հավանական է դրա վերջնական հաջողությունը: Մեր երկրում մինչ այս տեղի ունեցած քաղաքական և քաղաքացիական գործընթացներում մանրամասն մշակված ռազմավարության բացակայությունն է դրանց տապալման հիմնական գրավականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել