Հին երևանյան այսպիսի մի հուշ` ընդամենը մեկ փոստային բացիկում: Ողջ պատմությունը սա է. երևանցի երիտասարդը 1910-ին ուսանում էր Սանկտ Պետերբուրգում, բայց շատ էր տխրում և գրում էր Երևան նամակներ: Իսկ այստեղ իրեն էր սպասում օրիորդ Շուշանիկը, որը սովորում էր Հռիփսիմյան իգական գիմնազիայում (ներկայիս Ամիրյան փողոցի վրա) ու ստանում իրեն հասցեագրված այդ նամակները մոտակա փոստատանը: Ներկայացնենք բացիկի բովանդակությունը` հայերեն թարգմանությամբ:

«Երևան, Նազարովսկայա փողոց, Իգական գիմնազիայի մոտ,
անձամբ` մադեմուազել Շուշանիկ Տեր-Խաչատուրյանին,
12-ը հունվարի, 1910 թ.
Շուշիկ,
Տոները վատ չանցկացրինք: Նորից սկսվել են հիմա այս անդուր ու տաժանակիր օրերը: Ոչինչ, մնացել է ընդամենը երեք ամիս` վերջապես կազատվեմ այս դասերից: Բայց որոշել եմ հիմնովին պարապել:
Գրի ինձ` ի՞նչ նորություն կա ձեր մոտ և ի՞նչ ես դու անում: Մեզ մոտ ցրտեր են սկսվել:
Իմ հարգանքները` ձերոնց և ծանոթներին: Գրի ինձ` մի ծուլացի:
Ընդունիր իմ սրտագին ողջույնը:
Ողջույններով` Համբիկ (հայերեն ստորագրությունը պարզ չէ):
P.S. Կներես, որ կարճ ստացվեց նամակս` «շատ դիլխոր եմ այսօր» (գրված է հայերեն)»:

Նույն բացիկի դարձերեսը, որտեղ երիտասարդը գրել է` «Իրոք գեղեցիկ բացիկ է, չէ՞»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել