Հայաստանի օրենսդրության համաձայն խաղողի օղի արտադրելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված է տարեկան 15 մլն դրամ տուրք: Դա է պատճառը, որ մեր երկրում խաղողի օղի գրեթե չի արտադրվում: Գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային. պորտվեյն, մադերա և այլն) արտադրության տեխնոլոգիայով պահանջվում է գինուն ավելացնել որոշակի քանակով միայն խաղողի օղի, մինչդեռ դրա բացակայության պատճառով իրականում ավելացվում է ցորենի օղի, ինչն արգելված է Եվրամիության և Ռուսաստանի օրենսդրությամբ: Մյուս կողմից գինու արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները օղի չեն թորում գինու արտադրության համար ոչ պիտանի և շուրջ 25 տոկոս կազմող գինենյութից, ինչպես նաև չեն մթերում մի շարք տեսակների խաղող, որից գինի և կոնյակ չի ստացվում:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքներից է և կարող է արտադրվել շատ ավելի մեծ քանակությամբ, կառավարությունը ս.թ. փետրվարի 18-ի նիստում հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` բարելավելու ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը:

Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում: Առաջինով արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միայն պտղից և հատապտղից թորած 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ծանուցման ենթակա ալկոհոլային խմիչքի շարքում առաջարկվում է ավելացնել խաղողի օղին:

Երկրորդով նախատեսվում է ՀՀ օրենսդրության համաձայն գանձվող խաղողի օղի արտադրելու իրավունքի տարեկան տուրքի դրույքաչափը 15 մլն դրամից նվազեցնել մինչև ընդամենը 50 հազար դրամը:

Կառավարությունն ակնկալում է, որ նշված օրենքների փոփոխությունները հնարավորություն կտան խթանել խաղողի օղու արտադրությունը և հատկապես արտահանումը, ավելացնել պետբյուջեի ֆինանսական մուտքերը, տնտեսվարողների եկամուտը, որը նույնպես կուղղվի արտադրության ընդլայնմանն ու զարգացմանը: Հընթացս կբարելավվի և կակտիվանա ոլորտի գործարար միջավայրը, կսկսեն մթերվել խաղողի մի շարք տեսակներ, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով:

Օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել