«ՀԺ»-ն գրել է. «Տեղեկացրել էինք, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին: Տեղեկություններ կային, որ նրանք մինչև տարեվերջ ազատ կարձակվեն: Ավելի ուշ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ Ամանորից կամ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ներում է շնորհելու մի շարք անձանց, այդ թվում և վերոնշյալ երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:

Առ այսօր, սակայն, հայտնի չէ նրանց դիմումների ճակատագիրը: Երեկ Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը խնդրին առնչվող մեր հարցին ի պատասխան ասաց.

«Ես այստեղ չէի, նոր տարուն եմ եկել, իր մոտ էլ երկու ամիս է չեմ գնացել, երևի եկող շաբաթ կգնամ, ինչ-որ բան կճշտեմ»:

Մեր տեղեկություններով, կալանավայրերում բավական մեծ աժիոտաժ ու սպասումներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշ թվով անձանց պետք է ներում շնորհի: Ըստ մեր աղբյուրների՝ բազմաթիվ կալանավորներ այս օրերին շտապում են ներման խնդրագրեր գրել Սերժ Սարգսյանին. մի մասն էլ դեռ Ամանորից առաջ է գրել»:

«Հայկական ժամանակ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել