Lragir.am-ը գրում է․
Կա՞ հայ, որ չգիտի Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է,- այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել,- հիշում հայերի բնաջնջումը»։

Այդ «բնաջնջումը», Ցեղասպանությունը թուրքերը մինչև հիմա չեն ճանաչել, բայց ի՞նչ խնդիր կա Հոլոքոստի հետ կապված՝ Գերմանիան ընդունել և փորձել է փոխհատուցման միջոցով քավել իր մեղքը, ամեն տարի գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվում համակենտրոնացման ճամբարների մասին, տասնյակ երկրներում գործում են թանգարաններ։

Բայց կա Հոլոքոստի անծանոթ կամ սակավածանոթ կողմը՝ բազմաթիվ ուրիշ երկրների մեղսակցությունը գերմանական ոճիրին։

1938 թվականին ֆրանսիական Էվիան-լե-Բեն (Évian-les-Bains) քաղաքում տեղի է ունեցել միջազգային կոնֆերանս, որը նվիրված էր հրեա փախստականների օգնության հարցին։ Դա դեռ Հոլոքոստի անարյուն շրջանն էր։ Հրեաներին պետական պաշտոններից ազատելու, Ռայխի՝ գերմանական քաղաքացիությունից զրկելու մասին «Նյուրնբերգյան օրենքներն» ընդունվել էին 1935-ին։ Դրանից հետո հրեաներին ազատում էին աշխատանքից, տարբեր ձևերով ունեզրկում, բայց թույլ էին տալիս գնալ արտասահման... Որտեղ նրանց ընդունող չկար։ Իսրայելի ապագա նախագահ Խաիմ Վայցմանի խոսքերով, աշխարհը բաժանվել էր երկու մասի՝ տեղերի, ուր նրանք չէին կարող ապրել, և տեղերի, ուր չէին կարող ընկնել։

Էվիանյան կոնֆերանսի 32 մասնակից երկրներից միայն մեկը՝ Դոմինիկյան Հանրապետությունը համաձայնեց ընդունել հրեա փախստականներին առանց որևէ սահմանափակման։ Ի դեպ, Մեծ Անթիլյան կղզիներում հիմնված այս պետությունը բավական խիտ բնակեցված էր, ազատ տարածքները մշակելու խնդիր չուներ, բայց պատրաստ էր նաև հրեաներին հողամասեր հատկացնել։

Կոնֆերանսի որոշումներն այնքան հուսահատական դարձրին հրեաների դրությունը, որ 1938 թվականին 17-ամյա Հերշել Հերման Ֆայբել Գրինշպանը Փարիզում սպանեց գերմանական դեսպանատան քարտուղարին։ Գերմանացիները պատասխանեցին հրեաների ջարդով, որի ընթացքում այրվեցին 267 սինագոգ, ավերվեցին 800-ից ավելի ձեռնարկություն ու խանութ, սպանվեց 36 հոգի, ձերբակալեցին շուրջ 20.000 հրեայի։ Այդ «պոգրոմը» պատմության մեջ մտավ «Բյուրեղապակյա գիշեր» գեղեցիկ անվամբ. ոտքերի տակ ցուցափեղկերի փշրված ապակիների խշրտոցը ջարդարարներին բյուրեղապակու ձայն է հիշեցրել։ Այդ գիշերվանից հետո Մեծ Բրիտանիան 10.000 հրեա երեխա ընդունեց, որոնցից համարյա բոլորի ծնողները զոհվեցին։

Հետագա տարիներին հրեաների ոչնչացման գործին ջերմեռանդորեն մասնակցել են գերմանացիների կողմից գրավված երկրների շատ բնակիչներ։

Ֆրանսիայից 11 հազար 440 երեխա է արտաքսվել մահվան ճամբարներ։

Հազարավոր հրեաների հունգարացիները սպանել են Դանուբի ափին 1944-45-ին։

Լեհաստանում Հիտլերի իշխանության գալուց առաջ էլ է եղել հրեաների հանդեպ խտրականություն՝ համալսարաններում նրանց հատկացնում էին վերջին նստարանները, ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների թիվը չպետք է անցներ որոշակի տոկոսը, իսկ պատերազմից հետո համակենտրոնացման ճամբարներից փրկվածներին չէին թողնում վերաբնակվել իրենց տներում, Կիելցե քաղաքում էլ… 1946-ին մոտ հիսուն հրեա սպանեցին լեհ տղայի ծիսական սպանության հորինովի պատրվակով։

Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս մանրամասները։ Արաբական երկրներից փախստականների հանդեպ Եվրոպական Միության հանդուրժողականությունը շատերին է զարմացնում Հայաստանում, նրանք եվրոպացիներից ավելի բուռն ողբում են «դասական» Եվրոպայի մահը։ Բայց եվրոպական քաղաքականության ակունքում մեղքի զգացումն է, Հոլոքոսթի պատճառով։

Եվ մեր նման «պանդուխտ» ազգին, որ տարել ու շարունակում է տանել արտագաղթի ծանրությունը, եվրոպացիների բարեկեցությունից առաջ վայել է կարեկցել բոլոր նրանց, ովքեր, մեր սիրիացի հայրենակիցների պես իրենց և մտրեիմների կյանքը փրկելու խնդիր ունեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել