Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2012 թվականի տարեվերջի հանճարեղ նախաձեռնության խորախորհուրդ իմաստը, համաձայն որի՝ 2013 թվականի հունվարի 1-ից ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը գործում են միայն ըստ հղիների բնակության վայրի, ինչպես նաև, ելնելով երկրում պետական կառավարման սկզբունքների հետևողական կիրառման, լավագույն փորձի տարածման և առանձին ոլորտներում հանրային շահի հանդեպ մասնավոր շահի գերակայության սկզբունքի համընդհանուր կիրառման, կոռուպցիայի բնականոն մակարդակի վերականգնման, ՀՀ հատվածականության և ազգային անհամաձայնության ամրապնդման և այլ բարի նպատակառումներից, առաջարկում եմ.

1. Բացառապես տարածքային սկզբունքով կազմակերպել նաև հանրային մյուս ծառայությունները՝ ապահովելով այդ սկզբունքի կիրառումը հայաստանցիների կյանքի բոլոր փուլերում.

2. Կրթության ոլորտում անցում կատարել բացառապես տարածքային սկզբունքով՝ նախակրթության, հանրակրթության, միջին մասնագիտական և մասնագիտական կրթության մակարդակներում: Արդյունքում, մանուկները՝ մանկապարտեզ, երեխաները՝ դպրոց, երիտասարդները՝ բուհեր կարող են հաճախել բացառապես վարչատարածքային սկզբունքով: Նախկինում վարչատարածքային սկզբունքի խախտմամբ այլ կրթական հաստատություններ այցելած քաղաքացիների կրթության ատեստատները, վկայականներն ու դիպլոմները համարել անվավեր:

3. Աշխատանքի և զբաղվածության ոլորտում արգելել քաղաքացիների աշխատանքը՝ վարչատարածքային սկզբունքի խախտմամբ, ապահովելով ՀՀ տարածքային համաչափ զարգացումը: Արմավիրցին պիտի աշխատի Արմավիրում, լոռեցին՝ Լոռիում, գեղարքունիքցին՝ Գեղարքունիքում, երևանցին՝ Երևանում: ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի տեսչությանը հանձնարարել մինչև ս/թ մարտի 1-ը ստուգումներ անցկացնել բոլոր ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ ապահովելու համար սույն սկզբունքի կիրառումը և տուգանել բոլոր անբարեխիղճ գործատուներին և աշխատողներին:

4. Մշակույթի ոլորտում ապահովել ՀՀ քաղաքացիների հանգստի կազմակերպումը բացառապես տարածքային սկզբունքով: Ծաղկաձորցին պետք է հանգստանա Ծաղկաձորում, սյունեցին՝ Սյունիքում, շիրակցին՝ Շիրակում, երևանցին՝ Թոխմախ գյոլում: Սույն սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով, թանգարան, թատրոններ, համերգասրահներ և մշակույթի այլ օջախներ հաճախող քաղաքացիներից տոմս վաճառելուց առաջ պահանջել գրանցման վայրը հավաստող փաստաթուղթ:

5. ՀՀ Ոստիկանությանն արգելել ոստիկանական ծառայողների կողմից այլ վարչական միավորների բնակիչների անտանգությունն ապահովելը: Մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել տարածքային սկզբունքով ՀՀ պետական սահմանի պաշտպանության կազմակերպման հնարավոր տարբերակներ: Սահմանի պաշտպանությունը բացառապես սահմանամերձ մարզերի բնակիչների գործն է:

6. ՀՀ անտառներից, գետերից և լճերից օգտվելու հնարավորություն ընձեռել բացառապես տարածքային սկզբունքով:

7. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն մարմիններին առաջարկել քննարկել ՀՀ քաղաքացիների հոգևոր սպասարկումը բացառապես տարածքային սկզբունքով կազմակերպելու հնարավորությունը:

8. ՀՀ քաղաքացիների մահվան դեպքում հուղարկավորությունը կազմակերպել բացառապես տարածքային սկզունքով՝ ըստ հանգուցյալի բնակության վայրի:

9. ՀՀ հանրային, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության համակարգում, անցում կատարել բացառապես տարածքային սկզբունքին: Պետական, այդ թվում՝ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, դատական, դիվանագիտական, զինվորական և այլ ծառայության պաշտոնների նշանակելիս առաջնորդվել բացառապես վերը նշված սկզբունքով, հաշվի առնելով հնարավոր թեկնածուների մասնագիտացման հաստատությունների վարչական պատկանելությունը: Վերը նշված սկզբունքից ելնելով՝ ՀՀ առողջապահության նախարարին ազատել աշխատանքից՝ նշանակելով ՀՀ Արմավիրի մարզպետարանի առողջապահության վարչության պետ, մինչև ՀՀ տարածքային ամբողջականության հնարավոր վերականգնումը:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել