Միշտ մարդկանց մի ստվար հատվածի թվում է, որ ինքը մյուսի փոխարեն ավելի լավ կաներ... Ավելի լավ կկառավարեր, ավելի լավ կխաղար, ավելի լավ կերգեր և այսպես շարունակ: Այդ ինչպե՞ս պատահեց, որ նա հայտնվեց այդ դերում կամ կարգավիճակում, բայց չէ՞ որ ես ավելի արժանի էի... Եվ այդ թվացյալ "անհաջողակը" պատրաստ է բոլորին անողոքաբար քննադատել, ոչնչացնել, բայց այդ խնդրում իր մեղքը, որպես կանոն, անտեսել: Սա այն կոդն է, որ ներսից խժռում է շատերին և մղում նրանց անգործության, իսկ հաճախ նաև խորն ապատիայի, որովհետև ավելի ցածր օղակներից սկսելն այլևս իրեն՝ հանճարին, կառավարման "գիգանտին" որևէ կերպ չի կարող գրավել, իսկ իր տաղանդը, ցավոք, ոչ ոք այդպես էլ չի գնահատում: Այդպիսին է աշխարհը, արժանիները չեն գնահատվում: Իսկ մտածե՞լ եք պարոնայք, որ խնդիրը, գուցե, հենց Ձեր մեջ կամ նաև Ձեր մեջ է, իսկ եթե այդպես մտածեիք, հնարավոր է շատ ավելի մեծ ձեռքբերումներ ունենայի՞ք: Ինչևէ ասածս այն է, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և նաև հասկանալ, արդյոք, այն, ինչին փայլուն տիրապետում եք՝ առաջնային նշանակություն ունի՞, թե ապրիորի շարքային որակ է, ասենք գրագետ ու կիրթ լինելը (սա ենթադրվում է, բայց որոշ դեպքերում մեծ շռայլություն է մեր պաշտոնյաների մի մասին դրանք վերագրելը)... Այս ամենով հանդերձ, ինչ խոսք, ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականությունը հեռու է կատարյալ լինելուց և, անշուշտ, կան մարդիկ, որոնց ներուժը չի օգտագործվում և սա միայն որոշում կայացնողների խնդիր չէ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել