Կիտրոնի բուժական հատկությունների մասին հայտնի էր դեռեւս 2500 տարի առաջ։ Ժողովրդական բժշկության մեջ այն լայն կիրառություն ունի: Նշվում է, որ Եգիպտոսում կիսված կիտրոնի մի կեսը դնում էին կարիճի խայթած տեղին, մյուս կեսի հյութը խմում էին եւ ամեն ինչ բարեհաջող էր անցնում։ Հյութը հարուստ է կիտրոնաթթվով, պարունակում է բազմաթիվ մակրո եւ միկրո տարրեր, C, A, B խմբի վիտամիններ, աղեր։

Հյութը հարուստ է կիտրոնաթթվով, պարունակում է բազմաթիվ մակրո եւ միկրո տարրեր, C, A, B խմբի վիտամիններ, աղեր։ Կիտրոնի հյութը համարվում է հակաքաղցկեղային, անոթաամրացուցիչ, հակավիրուսային, հակամիկրոբային, արյունաստեղծ, հակալնդախտային, հակասկլերոզային, թունազերծիչ, հակաբորբոքային, ամոքիչ, միզամուղ, հանգստաբեր միջոց։ Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքի մեջ նշվում է, որ կիտրոնի հյութի չափաբաժինը 1 թեյի գդալից մինչեւ 1 թեյի բաժակն է` կախված հիվանդության տեսակից, հիվանդի տարիքից, տանելիության աստիճանից։ Այսպես, օրինակ` կիտրոնի եւ նեխուրի հյութերը, մեղրը հավասար քանակներով խառնել եւ ընդունել շագանակագեղձի բորբոքման ժամանակ՝ 2 ճաշի գդալ, օրը 2-3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Միզաքարային հիվանդության ժամանակ խմում են 50 գ կիտրոնի հյութ, օրը 3 անգամ, իսկ ջրով նոսրացված հյութը խմում են որպես ախորժաբեր, ջերմությունը իջեցնող միջոց։ Մաշկային հիվանդությունների ժամանակ բացի նրանից, որ հյութը խմում են, այն նաեւ քսում են մարմնի հիվանդ տեղին։
Մեծ քանակներով խիտ հյութը խմելը կարող է վնասել ատամների էմալը, դրանից խուսափելու համար պետք է այն նոսրացնել ջրով կամ այլ հյութերով։ Կիտրոնի հյութը մեղրի հետ ընդունում են պոդագրայի, դիաթեզի, գաստրիտի (ցածր թթվայնությամբ ուղեկցվող), ռադիկուլիտի, սուր ռեւմատիզմի, շաքարախտի, հիպերտոնիայի, անքնության, դեղնախտի, հազի, գերհոգնածության դեպքում։ Բազուկի ու կիտրոնի հյութերի խառնուրդը դրսեւորում է լեղամուղ, արյունաստեղծ, իմունիտետը բարձրացնող հատկություններ, դրա համար էլ այն կիրառում են գրիպի, սուր շնչառական հիվանդությունների, բարորակ եւ չարորակ ուռուցքների, լեղաքարային հիվանդության ժամանակ։ Այս դեպքում ընդունում են օրը 3 անգամ, 1 թեյի գդալ (հարմարվելու համար)` աստիճանաբար չափը դարձնելով 0.5-1 թեյի բաժակ, օրը 3 անգամ։ Որպես քաղցկեղային հիվանդությունը բացառող եւ օրգանիզմի դիմադրողականությունը խիստ բարձրացնող միջոց, առաջարկում ենք հետեւյալ դեղատոմսը. 3 կգ բազուկը, 3 կգ գազարը մաքրել, լվանալ, ավելացնել 2 կգ նուռ (կեղեւով), 2 կգ կիտրոն (միայն կորիզները հեռացված), այդ ամենը անցկացնել հյութաքամիչով, ավելացնել 2 կգ մեղր եւ պահել միայն սառնարանում։ Ընդունել առավոտյան եւ երեկոյան՝ 50 գրամ՝ 1 ամիս շարունակ։ Ընդմիջում տալ 2 շաբաթ եւ վերսկսել։

Որպես գլխուղեղի անոթների եւ սրտի սպազմը վերացնող միջոց առաջարկում ենք կիտրոնի հյութի եւ սխտորի յուղի խառնուրդ։ Սխտորի յուղ վաճառում են համեմունքների խանութներում, բայց կարող եք նաեւ ինքներդ պատրաստել հետեւյալ կերպ. գլուխ սխտորը մաքրել, աղալ կամ ճզմել, լցնել ապակյա տարայի մեջ, ավելացնել 1 բաժակ ձեթ, դնել սառնարանի ներքեւի դարակում։ Հաջորդ օրը 1 թեյի գդալ կիտրոնի հյութին ավելացնել 1 թեյի գդալ սխտորի յուղ, խառնել ու խմել։ Ընդունեք օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Բուժման ժամկետը 1-3 ամիս է, հետո 1 ամիս ընդմիջում տալ եւ նորից կրկնել։ Սակավարյունության ժամանակ արդյունավետ է. Նռան, կիտրոնի, գազարի, բազուկի, խնձորի հյութերը եւ մեղրը 100-ական գրամ խառնել իրար եւ ընդունել 2 ճաշի գդալ, օրը 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։ Ասթմայի, աթերոսկլերոզի, ստենոկարդիայի, գլխուղեղի անոթների նեղացման, շնչարգելության դեպքում առաջարկվում է. 1 կիլոգրամ մեղրը, 10 կիտրոնից ստացված հյութը, 10 գլուխ սխտորի հյութը խառնել, 1 շաբաթ թողնել պինդ փակված ամանի մեջ եւ 2 ամիս օգտագործել այդ խառնուրդը (օրը 2-3 անգամ, 1 ճաշի գդալ)։ Բրոնխիալ ասթմայի ժամանակ. Հավասար քանակներով բազուկը, սեւ բողկը, սոխը, լոռամրգին (կլյուկվա), կիտրոնը, հալվեն հյութաքամիչով անցկացնել, ավելացնել նույնքան մեղր, շաքար եւ 96%-անոց սպիրտ, ընդունել 2 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Ինֆեկցիոն պոլիարտրիտի ժամանակ. Վերցնել 400-ական գրամ սխտորի, ծովաբողկի արմատների, նեխուրի արմատների ու տերեւների հյութերը եւ 5 կիտրոնի հյութի հետ խառնել, ընդունել ճաշի գդալով, առավոտյան՝ ուտելուց կես ժամ առաջ։ Լեղաքարային հիվանդության ժամանակ. Հավասար քանակներով կիտրոնի, սեւ բողկի հյութերը խառնել ձիթապտղի հյութի հետ եւ ընդունել ճաշի գդալով, առավոտյան, 1-2 ամսվա ընթացքում։ Ցածր ճնշման դեպքում. 50 գ աղացած սուրճին ավելացնել 0.5 կգ մեղր եւ 1 կիտրոնի հյութ, խմել 1 թեյի գդալ, ուտելուց 2 ժամ հետո։ Ստենոկարդիայի դեպքում. 2 կիտրոնի հյութը, հալվեի 2 տերեւի հյութը, 500 գ մեղրը խառնել, լավ փակվող ամանով մեկ շաբաթ պահել սառնարանում, ընդունել 1-ական ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Հակացուցված է. Ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի սրացված վիճակի, էնտերոկոլիտի, պանկրեատիտի, գաստրիտի (բարձր թթվայնությամբ ուղեկցվող) դեպքում։ Այս հիվանդությունների դեպքում կարելի է ընդունել ջրով նոսրացված տեսքով։ Իսկ աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության, շաքարախտի դեպքում հյութը կարելի է օգտագործել առանց մեղրի ու շաքարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել