Հաճախակի, կրքով և ամենակարևորը` երկար համբուրվեք: Դրանով դուք կարող եք էապես բարելավել ձեր առողջությունը: Չե՞ք հավատում: Շատ իզուր: Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կես ժամանոց կրքոտ համբույրը կարող է նվազեցնել տենդով հիվանդների տառապանքները:
Պարզվում է՝ համբույրը լիցքաթափում և նվազեցնում է օրգանիզմում տենդ գոյացնող հիստամինի արտադրությունը: «Սատու» հիվանդանոցի հետազոտություններին մասնակցել են տենդով հիվանդ 12 կին և 12 տղամարդ: 30 րոպե շարունակ նրանք լսել են հաճելի երաժշտություն և համբուրել իրենց զույգերին: Այս յուրօրինակ թերապիայի արդյունքում` արյան մեջ զգալիորեն նվազել են ալգենների դեմ պայքարող հակամարմինների քանակը: Բժիշկները կրկնել են փորձարկումը` բավարավելով միայն գրկախառնությամբ. օրգանիզմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:

Համբույրն օգնում է ալերգիկ հիվանդություններով տառապող հիվանդներին: Ավելին, կրքոտ համբույրը ոչ միայն իջեցնում է արյան ճնշումը, այլև այրան մեջ խոլեստերոլի պարունակությունը, որն էապես նվազեցնում է ինֆարկտները: Բժիշկների կարծիքով` համբույրը նպաստում է լորձարտադրությանը, որն էլ իր հերթին` ատամների էմալը կարիեսից պաշտպանելուն: Մեկ րոպեի ընթացքում մարդը սովորաբար շնչում-արտաշնչում է 20 անգամ, համբուրվելիս` 3 անգամ ավելի, հետևաբար, թոքերում ավելանում է թթվածնի ներհոսքը: Համբույրի ժամանակ օրգանիզմում գոյացող բիոքիմիական ռեակցիայի շնորհիվ արտադրվում է «երջանկության» հորմոնը: Այն չեզոքացնում է սթրեսի հորմոնը: Այդ պատճառով էլ համբուրվել սիրող մարդիկ լավատես են և ինքնավստահ:

Ավստրիացի գիտնական Ուլֆ Բեմինգը պնդում է, որ համբույրը կարող է փոխարինել պատվաստումներին: Մարդկանց բերանի խոռոչներում բնակվող բակտերիաների 80%-ը միատեսակ են, իսկ ահա մնացած 20%-ը` իրենցը, սեփականը: Համբուրվելիս կամա-ակամա փոխանակվում են բակտերիաները, ակտիվանում է մեր իմունային համակարգը, անմիջապես վերսկսվում է հակամարմինների արտադրությունը:

Համբույրը նաև կնճիռների դեմ պայքարելու լավագույն միջոց է, քանի որ այդ գործին մասնակցում են դեմքի բոլոր մկանները: Բացի այդ` համբույրը նպաստում է նիհարելուն: Կրքոտ համբույրը 2 րոպեի ընթացքում այրում է 2 կալորիա` կրկնապատկելով նյութափոխանակությունը: Հոգեբանները նույնպես գտնում են, որ համբույրը հետաքրքիր երևույթ է: Համբուրելու ընթացքում մարդը հայտնվում է համբուրվողի անձնական տարածքում:

Իսկ նրանց համար, որոնց ճակատագիրը զերծ է պահել հիվանդություններից, գերմանացի գիտնականները մի անակնկալ են պատրաստել: Հետազոտությունների արդյունքում պարզվել է` եթե տղամարդկանց համար համբույրը ոչ այլ ինչ է, քան սովորույթ` մերձեցումից առաջ, ապա կանանց համար այն ավելին է, քան մերձեցման ակտը:
Հետազոտությանը մասնակցել են 16-91 տարեկան 514 մարդ: Պարզվել է, որ համբույրից հաճույք են ստանում կանանց 65%-ը, տղամարդկանց`44%-ը:
Իսկ ընդհանուր առմամբ` համբուրվելն օգտակար է առողջությանը: Համբուրվեք և եղեք առողջ:

Աղբյուր` «Լույս և ստվեր» ամսագիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել