«Ահա Տերը, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահա իր վարձն իր հետ է, և գործերն էլ իր աչքի առաջ են: Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»:
Ո՞վ կարողացավ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը և քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժույգով: Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ իբրև թե նրան խելամիտ դարձնելու համար, և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը…
Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան: Միթե կո՞ւռք է նա, որին կերտել է արհեստավորը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանություն ու կերպարանք տալով նրան: Միթե չլսեցի՞ք ու չիմացա՞ք, ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց, չհասկացա՞ք, թե ով հաստատեց երկրի հիմքերը: Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերև, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում: Նա է կանգնեցրել երկինքն իբրև կամար, ձգել՝ ինչպես վարագույր և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար:
Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը ոչ քաղց է զգում և ոչ էլ հոգնում, նրա իմաստությունն անքննելի է... Ովքեր Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց պիտի չհոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան:
(Եսայու մարգարեություն 40:10-14, 18-19, 21-22, 28-31)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել