500 զինյալ Սիրիայի Իդլիբից Թուրքիայի տարածքով հյուսիսից մուտք են գործել Ազազ՝ տեղի զինյալներին օգնելու։ Մուտք էին գործել դեռ մի քանի օր առաջ, բայց Թալ Ռիֆաաթը անցավ քրդերի հսկողության տակ։

Հարևանությամբ գտնվող Մառեան պայմանավորվեցին առանց կռվի հանձնել քրդերին, բայց զինյալները պայմանավորվածությունը չպահեցին։ Ու այսօր հրապարակվեց, որ հակառակ կողմից Իսլամական Պետությունն է երեք ուղղություններով գրոհում Մառեան։

Այսպիսով Թուրքիայի և գործընկերների կողմից հովանավորվող զինյալներին հյուսիսային Հալեպում մնում է միայն Ազազ քաղաքը: Մինչ այդ Ասսադի բանակին ուղղված Թուրքիայից հնչել են հայտարարություններ, թե Ազազի վրա հարձակման դեպքում Թուրքիան կսկսի ցամաքային օպերացիա Սիրիայում։ Արդյունքում Հալեպի հյուսիսում ռազմական օպերացիան շարունակեցին քրդական ջոկատներները, ովքեր այս անգամ դարձան թուրքական հրետանու թիրախ։ Իսկ երեկ Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանը հայտարարեց, թե Թուրքիային անհրաժեշտ է 10 կմ-անոց բուֆերային գոտի Սիրիայի սահմանին՝ իբր սեփական անվտանգությունը պահպանելու համար։ Ազազից մինչև Թուրքիայի սահման հենց 10 կմ է։ Ազազի կորստի արդյունքում Թուրքիան վերջնականապես կկորցնի իր համար ռազմավարական շրջաններից մեկը, իչից հետո Հալեպի ազատագրումը շաբաթների հարց է դառնալու։ Ու կմնա միայն Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ու զինյալների հսկողության տակ գտնվող Իդլիբը՝ որպես Թուրքիային արաբական աշխարհի հետ կապող միակ ուղի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել