Վրաստանում նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան ՛՛Frontera' ընկերությունը բաց նամակ է հղել էներգետիկայի նախարար Կ.Կալաձեին, որում վերջինիս մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ: Մասնավորախպես խոսքը վերաբերում է Կալաձեի այն հայտարարությանը, ըստ որի տվյալ ընկերությունը չի համագործակցել նախարարության հետ նոր պաշարների հայտնաբերման հարցերով, իսկ այդ ուղղությամբ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ են միլիարդավոր դոլարներ: Ընկերության ղեկավարության հավաստմամբ՝ Կալաձեն նաև ստել է՝ ասելով, որ իրենք պետության հետ ամենամյա պայմանագիր կնքելով են աշխատում հակառակը. պայմանագիրն անժամկետ է:

Վերոնշյալին ի պատասխան Կալաձեն ամերիկյան ընկերությանը մեղադրել է իրականությունը աղավաղելու մեջ: Նախարարի պնդմամբ, ՛՛Frontera'-ի գործունեությունը կազմակերպվում է դեռևս այդ ընկերության՝ Վրաստանի տարածք մուտք գործելուց առաջ առկա կանոնակարգով, որով չի սահմանվում, որ տվյալ ընկերությունը կարող է նոր պաշարների հետ կապված ուսումնասիրություններ իրականացնել կամ այդ ուղղությամբ աշխատանքներ տանել՝ առանց պետության համաձայնության: Ավելին, Կալաձեն հիշեցրել է ամերիկյան այդ ընկերության ղեկավարությանը դատական գործերի մասին, որոնք անմիջականորեն առնչվում են ընկերության գործունեության հետ և կոչ արել, որ լինեն ավելի թափանցիկ և պարզ պետության հետ համագործակցության համատեքստում և հարկային պարտավորությունները կատարեն պարտաճանաչ:

՛՛Frontera' ընկերությունը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ Վրաստանի տարածքում առկա են գազի հսկայական պաշարներ, որոնց արդյունահանումը կազմակերպելու պարագայում Վրաստանը գազ ներկրող երկրից կվերածվի արտահանողի: Ոլորտի պատասխանատուները, սակայն, ոչ միայն չհաստատեցին նման հնարավորությունը, այլ նաև հայտարարեցին, որ իրենց հետ ոչ մի բանակցություն չի վարվել այդ հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել