Հունվարի 23-ին Փարիզից Մոսկվայով Երեւան վերադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում ճամպրուկս ջարդված վիճակում ստացա: Ի դեպ, վերջին երկու ուղեւորություններս ավարտվել են ջարդված ճամպրուկներով: Աշնանը՝ «Տրանս Աէրո» ընկերությունն էր, հիմա էլ՝ «Աերոֆլոտը»:

Այսօր մի ժամ ազատ ժամանակ ունեի, որոշեցի մտնել «Աերոֆլոտի» երեւանյան ներկայացուցչություն՝ ճամպրուկիս փոխհատուցման ետեւից: Այստեղ նախ ասացին, թե ուշացել եմ, եւ պետք է 7 օրվա ընթացքում ներկայանայի:

Հարգելի տիկնոջը բացատրեցի, որ ճամպրուկի ջարդվելը իմ համեստ կյանքի ամենակարեւոր իրադարձությունը չէ, եւ չէի կարող իմ պլանավորված կյանքն ու գործունեությունը փոխել այնպես, որ հանկարծ չուշանամ «Աերոֆլոտի» օֆիսի պաշտոնյայի մոտ ընդունելությունից:

Ասաց՝ միեւնույն է, յոթ օրն անցել է եւ իմ դիմումը կմերժեն: Ասացի, ոչինչ, ես կգրեմ: Ինձ տվեց ռուսերեն դիմում գրելու ձեւ: Ասում եմ՝ ինչու՞ է ռուսերեն: Ասում է՝ կարող եք նաեւ անգլերեն գրել:

Ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզու գոյություն ունի ու հիմա մենք կարծես թե Հայաստանի Հանրապետությունում ենք: Կամ՝ ենթադրենք, ես ոչ ռուսերեն գիտեմ, ոչ անգլերեն:Ասում է՝ դիմումը պիտի տանեք թարգմանել տաք:

Բացատրություն եմ ակնկալում մի մարդուց, ով ակնհայտորեն պաշտոնյա է ներկայացուցչությունում: Վերջինս ինձ հետ խոսում է «ընգեր ջան»-ով եւ «դու»-ով:

Ի վերջո՝ վերցնում եմ դիմումի ռուսերեն ձեւաթուղթը, այն լրացնում հայերեն, ու հանձնում:

Ու մտածում. կառավարության որդեգրածը բաց երկնքի՞ քաղաքականություն է, թե՞ բաց ինչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել