Կոնյակի արտադրությունը Երևանում հիմնադրել է 1-ին դասի (գիլդիայի) վաճառական Ներսես Թաիրյանը` 1887 թվականին: Ներսես Աղաջանի Թաիրյանը (1859-1902) ծնվել է Ղարաքիլիսայում (ներկայումս` Վանաձոր): Ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան, որից հետո կատարելագործվել է Ֆրանսիայում: Հայտնի է, որ 1870-ականների սկզբին Թաիրյանը հողատարածքներ է գնում երևանաբնակ Հայրապետ և Նահապետ Տեր-Հովակիմյաններից Երևանի բերդում և նրան հարող տեղանքում, տնկում է այնտեղ խաղողի այգիներ և 1874-ին հիմնում գինու, օղու և դոշաբի արտադրության գործարան: Համարվում է, որ այն Երևանի նահանգում առաջին մասնագիտացված և կատարելագործված արտադրությունով գործարանն է հանդիսացել:

Տարիների ընթացքում Թաիրյանի արտադրանքը դառնում է բավականին պահանջված, և նա որոշում է ընդլայնել իր արտադրության տեսականին և սկսել ֆրանսիական տեխնոլոգիայով կոնյակի արտադրությունը: Այդ նպատակի համար Ֆրանսիայից գնվում են խաղողի սպիրտի ծխեցման երկու հատուկ կուբեր, ընդլայնվում են գործարանի շենքային պայմանները` սարքվում են հնեցման և կաղնու տակառների պատրաստման արտադրամասերը: Եվ ահա 1887-ին Թաիրյանի գործարանը սկսում է արտադրել կոնյակ, որն իր յուրահատուկ բուրմունքի և համային հատկանիշների շնորհիվ շուտով համբավ է ձեռք բերում: 1892 թ. Թաիրյանը գլխավոր տեխնոլոգի պաշտոնում գործարան է հրավիրում երիտասարդ և խոստումնալից, Մոնպելյեի գինեգործության ակադեմիան (Ֆրանսիա) ավարտած Մկրտիչ Մուսինյանի, որն էլ կարողացավ կոնյակի արտադրությունը հասցնել ամենաբարձր չափանիշների:

Առողջական խնդիրների պատճառով Ներսես Թաիրյանը 1899 թվին վարձակալության է տալիս իր գործարանը այն ժամանակ արդեն հայտնի ռուսաստանյան արդյունաբերողներին` «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերությանը: Որից հետո 1900-ին վերջնականապես վաճառում է գործարանը նրանց, տեղափոխվում Տիֆլիս, որտեղ էլ մահանում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել