Hetq.am-ը գրում է.

Նախևառաջ, ես մոտ 1,5 տարի առաջ եկա այս աշխատանքին, և մենք սկսեցինք ռազմավարական քննարկումներ անել, թե ինչպես բանկն աճի: Այդ քայլերի մեջ հասկանալի է, որ պետք է շուկան հետազոտեինք, հասկանայինք, թե ինճ վիճակ է շուկայում և ինչ կարելի է անել: Կարելի է աճել օրգանական ձևով, շուկայում ավելի լավ պրոդուկտներ բերելով, և կարելի է աճել այլ բանկեր ձեռք բերելով, որն ավելի արագ է, բայց ավելի ռիսկային: Իմ դիրքորոշումն այն էր, որ այն շուկաներում ու տիրույթներում, որտեղ օրգանական մենք կարող ենք աճել, անիմաստ է ինչ-որ բան ձեռք բերել: Իսկ այն շուկաներում, որտեղ մրցակցությունը բավականին ուժեղ է և սպառնում է էֆեկտիվությանը, այդտեղ հաջող բան ձեռք բերելն իմաստ ունի: Կա մրցակցության առողջ մակարդակ, որն ապահովում է համեմատաբար ցածր ծախսեր, լավ գներ, բայց մոնոպոլիայի կամ օլիգոպոլիայի չի բերում, դա մոտավորապես յուրաքանչյուր մրցակցի շուկայի 15-20 % մասնաբաժաինն է, նշանակում է՝ հինգ մրցակից կարող են ակտիվ մրցակցել: Դա և մրցակցություն է, և ծախսերից, մասշտաբից օգտվում են մրցակիցները:

Հայաստանում, ցավոք, էդպիսի մրցակցություն չկար, հիմա էլ երևի չկա: Այսինքն՝ բանկերից ամենախոշորը, որը «Ամերիաբանկն» է, ունի շուկայի 12 %-ը՝ տարբեր ձևերով հաշված: Իսկ մնացած բանկերը՝ շատ ավելի քիչ, որը խոսում է ցածր էֆեկտիվության մասին: Մտեք ցանկացած խոշոր սուպերմարկետ, ես վերջին անգամ Զեյթունի «Երևան Սիթի»-ում էի, միանգամից ես ինձ վատ եմ զգում, երբ տեսնում եմ 8-10 բանկոմատներ: Բանկոմատների ցանցը մեր բնակչության օգտվելու և հարմարության համար է: Այսինքն՝ բնակչությունը վճարում է բանկոմատների ցանցի համար, չնայած կարող էինք ունենալ մեկ բանկոմատ, և բնակչությունը կվճարեր մեկ 50 հազար, դա բանկոմատի միջինը գինն է:  Մեր բնակչությունն ամեն սուպերմարկետում վճարում է 10 անգամ 50 հազար, որը բանկերի ծախսերի և գների մեջ է մտնում: Բացարձակ անիմաստ բան է:

Հետևաբար, որոշեցինք, որ մենք երկու ուղղություն ունենք: Մեկը՝ մանրածախ, ֆիզիկական անձանց սպասարկումը: Գտանք, որ այդ ուղղությամբ մեզ մոտ բավականին մեծ հաջողությունների կարող ենք հասնել օրգանական ձևով, այսինքն՝ նոր, ավելի էժան ու հարմար պրոդուկտներ ներկայացնելով, և մյուսը՝ ՓՄՁ-ների շուկան, որտեղ մրցակցությունը բավականին մեծ է, պրոդուկտներն արդեն իսկ լավն են, բարելավելու և ինչ-որ բան ավելացնելու տեղ չկա, և էֆեկտիվությունը համեմատաբար ցածր է, որոշեցինք, որ այդ ուղղությամբ իմաստ ունի նայել, թե ինչ կարող ենք անել շուկայում: Մեր պահանջներն էին՝ 1. բարձրորակ, թափանցիկ բանկ, կորպորատիվ կառավարման բարձր մակարդակ (մեր ներդրողները և բաժնետերերը միջազգային կազմակերպություններ են, դա բացարձակ անհրաժեշտություն էր մեր համար), 2. ՓՄՁ-ների կենտրոնացումը, 3. ներքին մշակույթների համապատասխանություն:

Այդ ֆիլտրերով նայեցինք և գտանք մի քանի բանկ, և «ՊրոԿրեդիտը» լավագույնների մեջ էր: Բախտի բերմամբ, «ՊրոԿրեդիտ Հոլդինգը» ցանկանում էր այդ գործարքը քննարկել, և ես անձամբ սկսեցի բանակցությունները, որոնք շարունակվեցին մոտ 1-2 ամիս: Առաջարկեցինք տարբեր մեխանիզմներ, քննարկեցինք էֆեկտները, և իրենք էլ վստահ զգացին, որ «Ինեկոբանկը» ճիշտ շարունակություն է «ՊրոԿրեդիտ» բանկի, մենք էլ վստահ եղանք, որ ճիշտ բանկ ենք ձեռք բերում:

Այսինքն՝ դա կապված չէ՞ր ՀՀ կենտրոնական բանկի՝ կապիտալի նվազագույնը 30 մլրդ շեմ սահմանելու որոշման հետ:

Մեր կապիտալը մոտ 25-26 մլրդ էր այդ ժամանակ, մենք կապիտալի համալրման խնդիր չունեինք, և մեկ-երկու տարվա շահույթը բավարար էր 30 մլրդ-ից անցնելու համար առանց որևէ խնդրի: Այս տարվա վերջին հավանաբար կլինի մոտ 40 մլրդի մոտ: Այդ խնդիրը մենք չէինք հետապնդում: Սակայն հասկանալի է, որ ուժեղացման, կոնսոլիդացման տրենդը տեղի էր ունենում, և հասկանալի էր,որ ԿԲ-ի քայլը խթանում էր այդ գործընթացին: Կոնսոլիդացիան բացարձակ անհրաժեշտություն էր և դեռ անհրաժեշտություն է Հայաստանում, որովհետև այս քանակի և այս էֆեկտվությամբ բանկեր շատ դժվար է շարունակել աշխատեցնել, հասարակությունն է դրա համար վճարում:

Մյուս կողմից՝ տեսակետ կա, որ որքան շատ մրցակիցներ են հայտնվում, այնքան ծառայություններն ավելի էժան և որակյալ են դառնում:

Ես մոտ 20 տարի մրցակցություն եմ ուսումնասիրում տարբեր երկրներում: Տեսել եմ տարբեր տիպի շուկաներ, հետևանքներ և արդյունքներ: Կան դասագրքային թյուրիմացություններ, որ բացարձակ մրցակցությունը բերում է ամենալավ գնին: Բացարձակ մրցակցություն, օրինակ, 20 տարի առաջ Հայաստանում կոշիկի շուկայում էր: Բացարձակ մրցակցություն է գյուղատնտեսական որոշ մթերքների մատակարարումը:

Եթե հիշում եք՝ Հայաստանում բջջային կապը որքան թանկ էր, երբ միայն «ԱրմենՏել»-ն էր ոլորտում, և որքան էժանացավ, երբ այլ օպերատորներ մտան դաշտ:

Քանի բջջային օպերատոր կա՝ 4 կամ 5: Եթե փորձեիք պատկերացնել, որ 500 օպերատոր կա, ծախսերը՝ որ պետք է 500-ն էլ 500 հատ սարքեին, արդյունքում բոլորը կսնանկանային, և հեռախոսային կապ ընդհանրապես չէր լինի: Բոլոր երկրների համար, անկախ շուկայի չափից, ֆիքսված բարձր ծախսերով, տնտեսության ճյուղում 4, 5, 6-ը նորմալ թիվ է, և ես չեմ ասում, որ դրան պետք է ադմինիստրատիվ մեթոդներով հասնել, դա բնականոն գործընթաց պետք է լինի, որ, ասենք, 30-ից հաջողակները 4-6-ը պետք է լինեն դոմինանտ այդ շուկայում, որպեսզի ծախսերը նվազեն, որովհետև հակառակ դեպքում ամբողջ տնտեսության ոլորտն է անհետանալու: Դա նորմալ գործընթաց է բոլոր երկրներում և տնտեսության բոլոր ոլորտներում: Սկսենք՝ եվրոպական, ամերիկյան և ցանկացած երկրներից, որտեղ խոշոր բանկերի կամ հեռախոսային կազմակերպությունների մասնաբաժինները 4-7 կազմակերպությունների միջև է բաշխված: Խոշորները կունենան շուկայի 90-95% բաժինը շուկայում, մնացյալ փոքրերը կկենտրոնանան հատուկ ծառայությունների ոլորտում, որտեղ իրենք ունեն առավելություններ: Դա ես չեմ հնարել, ԿԲ-ն չի հնարել, ՀՀ-ն չի հնարել, դա տնտեսական բնական անհրաժեշտություն է:

Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ Դուք կողմ եք կամ համամիտ եք ԿԲ-ի կայացրած որոշմանը:

Ես կողմ կամ համամիտ կլինեմ 3-4 տարի հետո, երբ տեսնեմ արդյունքը: Երբ արդյունքը չեմ տեսել, ոչ մի որոշում հստակ չէ՝ ճիշտ է, թե սխալ: Բայց չորոշել որևէ բան, ավելի վատ է: Որոշում քննադատողներ շատ կան: Ամենահեշտ բանը որոշում չկայացնելն է:

Ձեր տարածած հաղորդագրության համաձայն, մոտ 20,5 մլն դոլար ՎԶԵԲ-ն է ներդրել, 20 մլն՝ ՄՖԿ-ն, և ևս երկու խոշոր բաժնետերերի ներդրում է եղել: Կմանրամասնե՞ք որքան արժեցավ գործարքը և որքան է եղել մյուս բաժնետերերի ներդրումը:

Գործարքի գինը մենք չենք հրապարակել: Դա հասարակական ինֆորմացիա չէ: Շատ մոտավոր կարելի է գլխի ընկնել ինչքան է: Համարում եմ՝ վատ գործարք չէ և՛ «ՊրոԿրեդիտի», և՛ մեզ համար:

Ի՞նչ է փոխվելու բանկի սեփականատիրոջ փոփոխությունից հետո, միավորվելու են, արդյոք աշխատուժի կրճատում սպասվում է, թե ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար: Ազգային ժողովում արդեն ահազանգ է հնչել, որ աշխատատեղի կիսով չափ կրճատում է սպասվում «ՊրոԿրեդիտ բանկ»-ում:

Հետաքրքիրն այն է, որ մեկ տարի առաջ ինձ համոզում էին, որ «Ամերիաբանկը» գնելու է «Ինեկոբանկ»-ին: Ես զանգեցի Անդրեյ Մկրտչյանին, ում գիտեմ 20 տարի և ով «Ամերիաբանկի» վարչության նախագահն է, շնորհավորեցի, որ մենք գործարք ունենք, ասացի՝ բայց լավ կլիներ՝ պայմաններն իմանայինք: Այսօր Ազգային ժողովում խոսում են ինչ-որ բաներ, որ ես չգիտեմ: Եթե իրենք գիտեն՝ ինձ, խնդրում եմ, ասեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել