Դեռ անտիկ ժամանակաշրջանից, «Բիսմարկյան» ու «Նապոլեոնյան» Եվրոպայից, մինչև առաջին ու երկրորդ աշխարհամարտեր տեսած ու գլոբալ աշխարհի տեղեկատվական փուլ ապրող աշխարհ, դիվանագիտությունը կամ համաձայնվելու արվեստը սկզբունքային նշանակություն է ունեցել: Դեռ վաղ անցյալում քաղաքական մտածողներն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ մշակել են դիվանագիտության այնպիսի գործիքակազմ, մեթոդներ ու մեխանիզմներ, որոնց միջոցով առավել հասանելի է դարձել նրանց հետապնդած համաձայնությունը, ուստի նաև նպատակները, շահերը: Վերոնշյալն առավել խիտ ու տեսանելի է դարձել պետական դիվանագիտության մեջ, որտեղ պետական քաղաքականության կերտման ամենատարբեր փուլերում ղեկավարները հաճախ առաջնորդվել են «նպատակն արդարացնում է միջոցները» և նմանօրինակ այլ սկզբունքներով:

Արդեն տարիներ շարունակ մեր վերլուծաբանների ու փորձագետների մի զգալի մասն իրենց ստացված կամ չստացված վերլուծություններում, երբ ցանկանում են բնորոշել ԼՂ կամ այլ հարցում Ադրբեջանի հակահայկական դիվանագիտության, քաղաքականության այս կամ այն հաջողված դրվագը, սովորաբար այն որակում են որպես «խավիարային դիվանագիտություն»: Դա սովորաբար վերաբերում է եվրոպական հարթակնեում (ԵԽԽՎ և այլն) Ադրբեջանի քաղաքականությանը:

Իհարկե պարզ է, թե որտեղից է գալիս բառի ստուգաբանությունը, սակայն պարզ չէ, թե ինչու ենք մենք նման շեշտադրում անում հարևանի քաղաքականության իրականացման վրա: Գործնականում մենք շեշտում ենք, թե ինչ գործոնի միջոցով է նա հասել իր համար հետապնդելի կոնկրոտ նպատակին: Նույն հաջողությամբ դա կարող էր լինել ասենք «նավթային», «դոլարային» կամ այլ գործոններ:

Եթե մենք կարծում ենք, որ միջ. հարաբերությունների համակարգում տիրում է ժողովուրդների համերաշխության, ազնվության, արդարության սկզբունքերը, ապա մենք առնվազն քաղաքական առումով ամենքիչը իդեալիստ ենք, որը բավական վտանգավոր է մեր շահերի սպասարկման, դրանց վերլուծության առումով:

Եթե մենք երրորդ կողմի՝ միջազգային հանրության, ինչ-որ պետության առջև որակում ենք տալիս այն մեթոդներին, որոնցով առաջնորդվում է Ադրբեջանը, ապա դա իրականում որևէ մեկին հետաքրքիր չէ, քանզի քաղաքականության այս կամ այն փուլում ամեն երկիր ցանկացած հանգամանք կիրառում է իր նպատակին հասնելու համար:

Եթե մենք «խավիարային դիվանագիտություն» որակմամբ փորձում ենք հիմնավորել, թե ինչու մեզ ինչ-որ բան չհաջողվեց, մինչդեռ՝ հարևանին դա հաջողվեց, ապա նախ պետք է ֆիքսել, որ մենք ինքներս, միգուցե առավել սահմանափակ մասշտաբներով, սակայն ունակ ենք ամեն գործիք ու մեթոդ կիրառել դիվանագիտական հարթակներում մեր նպատակներին հասնելու համար: Ավելին՝ երբեմն ինքներս կիրառում ենք նման մեթոդներ և դա իրականում շատ նորմալ է:

«Խավիարային դիվանագիտություն» որակումը շեշտելով մենք իրականում դրանով ոչինչ էլ չենք ասում: Դա գնահատական չէ, դա միայն հարևան երկրի կողմից իր խնդիրների լուծման մեթոդներից մեկի արձանագրումն է, որտեղ վերջինս երբեմն հասնում է հաջողության, երբեմն՝ ոչ:
Մյուս կողմից նման ձևակերպումը կոնկրետ վերլուծաբանի ճաշակի ու նախընտրության հարց է, անձնական վերլուծական ձեռագրի բնորոշիչ:

Հ.Գ. Ի դեպ, արդեն տևական ժամանակ ԼՂՀ-ում բավական հաջողված կերպով սև խավիարի արտադրություն է գործում, որը բավական լայն սպառման շուկա ունի հատկապես այդ նույն Եվրոպայում, այնպես որ մենք էլ կարող ենք այդ նույն «խավիարային դիվանագիտության» գործիքը խաղարկել եվրոպական տարբեր հարթակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել