Ողջ տիեզերքը, որպես մի ամբողջական համակարգ, Արարչի կողմից հաստատված Կարգին համապատասխան կառուցված լինելով մեկ միասնական ներքին տրամաբանությամբ, բաղկացած է ամբողջից տրոհված և իրար հետ ներդաշնակ փոխգործակցության մեջ գտնվող բազմազան և բազմաթիվ մասերից` ենթահամակարգերից, որոնցից յուրաքանչյուրը, լինելով եզակի ու անկրկնելի, իր մեջ կրելով ամբողջը` որպես ինֆորմացիա, կոչված է իրագործելու միայն իր կողմից լավագույնս իրականացվող որոշակի ֆունկցիա, Առաքելություն: Այդ Առաքելության հիմնական նպատակը իր յուրօրինակության, անկրկնելի էության պահպանման, ինչպես նաև մնացածի հետ ներդաշնակ փոխգործակցության միջոցով ամբողջի բնականոն զարգացմանը նպաստելը, ամբողջի հետ միասնականության աստիճանի անընդհատ բարձրացումն ապահովելը պետք է լինի:
Նույնն է նաև մարդկության համար:

Արարչաստեղծ յուչաքանչյուր մարդկային տեսակ`Ազգ, ունի միայն իրեն հատուկ ֆունկցիա` Առաքելություն, որի իրագործման համար, նրան, որպես բնակության վայր, իբրև կենսագործելու միջավայր նաև, երկրագնդի վրա հատկացված է խիստ որոշակի գոյատարածք, արեալ` Մայր Հայրենիք, որտեղ միայն այդ արեալի տերն է, որ կարող է լավագույն ձևով ինքնադրսևորվել, լավագույնս իրականացնել իր Առաքելությունը: Մայր Հայրենիք կոչվածը, անտարակույս, միայն պարզ բնակատեղի, կենսագործելու միջոց կամ միջավայր չէ, միայն հող ու բնություն չէ, այն մի հզոր էներգոինֆորմացիոն համակարգ է և Հայրենիքի տերը` Ազգը, անընդհատ փոխհաղորդակցության մեջ է այդ համակարգի հետ : Որպես այդ հաղորդակցության արդյունք, արեալի տիրոջ մոտ ձևավորվում է խիստ որոշակի աշխարհընկալման կերպը, բացվում է աշխարհին նայելու ի՛ր պատուհանը, ստեղծվում են միայն այդ կենսատարածքի, արեալի տիրոջը հատուկ մտածողության ձևը, բնավորության ուրույն գծերը,ձևակերպվում են գլխավորագույն սրբությունները, ձևավորվում է սեփական մշակույթը, կարճ՝ Արիալի տերը ՛՛հայտնագործում ՛՛ է իր կենտրոնական սակրալ խորհրդանիշը՝ Կենաց Ծառը:
Այս առումով արեալն ու իր տերը մեկ հզոր ընդհանրություն են կազմում և առանց մեկի` մյուսի լինելիությունը զրկվում է իր գլխավոր իմաստից և ժամանակի ընթացքում որպես այդպիսին դադարում է գոյություն ունենալուց:
Իսկ ի ՞նչ դեր պիտի ունենա պետությունը:

Յուրաքանչյուր պետության գերագույն խնդիրը պետք է լինի պետության առանցքը կազմող, համակարգաստեղծ, այսպես կոչված տիտղոսակիր ազգի (титульная нация), նրա մշակույթի պահպանումը, նրա Առաքելական խնդիրների լուծմանը նպաստող`խորապես հասկացված, ճշմարիտ ազգային գաղափարների վրա հիմնված, «իր ընդոծին բնակիչների» էությունից բխող և նրանց սեփական ինքնությանը համապասասխանող կյանքով ապրելու համար լավագույն պայմանների ստեղծումն ու ապահովումը: Միայն այս պարագայում է, որ հանրության յուրաքանչյուր անդամ կարող է լավագույնս ինքնադրսևորվել, առավելագույն օգուտ բերել ընդհանուր գործին և անկախ իր գրաված դիրքից և ունեցած սոցիալական վիճակից, հոգեպես բավարարված ու երջանիկ կզգա իրեն, գիտակցելուվ ի՛ր գործունեության, ի՛ր գոյության կարևորությունն Ազգի Առաքելության իրականացման խնդիրներում:

Այս իմաստով չափազանց կարևոր է հասկանալ, թե ի՞նչ ռազմավարական խնդիրներ պիտի դնի իր առջև պետությունը, արժեքային գերակայությունների ինչպիսի՞ աստիճանակարգ պիտի սահմանի, զարգացման ի՞նչ ուրույն ուղենիշներ պիտի ընտրի, կառավարման ինչպիսի՞ համակարգ պիտի ձևավորի, ի՞նչ կրթական-մշակութային քաղաքականություն պիտի որդեգրի պետականության առանցքը կազմող «տիտղոսակիր» ազգի պահպանմանը, զարգացմանը, նրա Առաքելական խնդիրների իրագործմանը նպաստելու առումով:

Մյուս կողմից, Արարչական Կարգին համապատասխան, յուրաքանչյուր պետության համար պիտի գերակա լինեն ոչ թե մարդկությունը կործանող, նրա երկրավոր կյանքը դժոխքի վերածող ճղճիմ նյութական շահերն ու գաղափարները, որտեղ զարգացում ասելով յուրաքանչյուր պետություն իր ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ընդարձակումը, այլոց հաշվին ի՛ր հողեղեն սահմանների ընդլայնումն ու ի՛ր նյութա-տարածքային ձեռքբերումներն է հասկանալու, այլ զարգացումը բոլորի կողմից պիտի դիտվի առաջընթացի անսահման հնարավորություն տվող մի ՎԵՐԸՆԹԱՑ ՈՒՂԻ, որտեղ պետությունների գլխավոր նպատակը, մարդկության ներդաշնակ բազմամիասնության պահպանումն ու ազգերի, ժողովուրդների, հասարակությունների հոգևոր կատարելության աստիճանի հարաճուն բարձրացումը պիտի լինի:

Ա՞յս Ուղիով է ընթանում արդյոք ներկայիս մարդկությունը: Իհարկե ո՛չ...
(Շարունակելի)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել