Հայտնի ելույթով Սերժ Սարգսյանն արձանագրեց, որ նախ և առաջ այսօր քաղաքական դաշտում գոյություն ունի միայն մեկ որոշող և այդ որոշողը ոչ թե Մելիք Ադամյանում հանգրվանած քաղաքական ուժն է, այլ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը։ Ընդհանրապես, Սարգսյանի ելույթը ոչ թե հեռացող, այլ բավականին երկարաժամկետ քաղաքական ծրագրեր ունեցող գործչի ելույթ էր։ Ելույթի ընթացքում Սարգսյանն, ըստ էության, ազդարարեց քաղաքական խաղի կանոնների հավանական փոփոխության մասին, որն ուղղակի անխուսափելի է դառնում փոփոխված սահմանադրության և երկրի ներսում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի համատեքստում։ Ըստ էության, այդպիսով Սերժ Սարգսյանը փորձ է կատարում գնալ համակարգի բյուրեղացման ճանապարհով, որի ընթացքում նրան այլևս այս կամ այն չափով պետք չեն գալու մինչ այս իշխանական համակարգում գոծունեություն ծավալած գործիչները։ Իսկ ելույթին նախորդած նշանակմամբ Սարգսյանն ապացուցեց, որ իշխանությունը նոր և իշխանական համակարգում դեռևս «չփչացած» կադրերի պակաս չունի։
Քաղաքական խաղի կանոնների փոփոխությամբ իշխանական դաշտում տեղի են ունենալու զգալի վերադասավորումներ, իսկ թե արդյունքում ով ինչքան «կստանա» ժամանակի և ունեցած հնարավոր ներդրումների հարց է։ Սերժ Սարգսյանն իր ելույթով յուրահատուկ ուղերձ հղեց նաև իր ազդեցությունից դուրս ուժերին, որն առավել մատչելի ձևակերպումով հետևալն էր «Դուք խոսեք իշխանափոխության մասին, իսկ ես ցույց կտամ, թե դա ինչպես են անում»։
Հ.Գ. Ակնհայտ է, որ ծրագրային ելույթով սկիզբ դրված վերադասավորումների ընթացքում Սերժ Սարգսյանը չի կարողանալու ամբողջությամբ հաշվի չնստել իշխանական համակարգի հնաբնակների և հատկապես օլիգարխների հետ, սակայն թե ինչպիսի հնարավոր զարգացումներ կլինեն այդ համատեքստում ցույց կտա ժամանակը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.samsonyan/posts/1060928183970339
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել