Հաճախ է լինում, որ մարդիկ շփոթում են մասնագիտությունն ու իրենց: Գուցե ոմանք էլ դա անում են միտումնավոր, գուցե նրանց համար դա կայանալու, ուշադրություն գրավելու, նոր գործ «կպցնելու», փիառի մի ձև է: Բայց ավելի հաճախ դա անում են ուրիշները՝ հետևելով այն պարզունակ ընկալմանը՝ ասա ինչով ես զբաղվում՝ ասեմ ով ես դու:
Ես միայն պիտի խնդրեմ ֆեյսբուքյան իմ ընկերներին նկատի ունենալ, որ եթե հայ քրիստոնեական մշակույթն ուսումնասիրելն իմ մասնագիտությունն է, դեռ չի նշանակում որ ես հայ եկեղեցու փաստաբանն եմ, կամ էլ՝ եթե ես ուսումնասիրում եմ Տիգրան Մեծի հիմնած քաղաքը՝ ուրեմն ծայրահեղ ազգայնական եմ: Պարզապես ես սիրում եմ այն՝ ինչով զբաղվում եմ և զբաղվում եմ նրանով՝ ինչը սիրում եմ: Բայց ամենակարևորը՝ ես սոսկ փորձում եմ հասկանալ այն մարդկանց ովքեր ստեղծել են այդ մշակույթը՝ ու ոչինչ ավելին: Ոչինչ ավելին: Եվ հենց այդ գիտակցված սամանափակման շնորհիվ է, որ ես ինչ-որ բանում հաջողում եմ:
Սա ես ի՞նչու եմ գրում. ինձ հաճախ են դիմում՝ ինձնից ակնկալելով կամ էլ ուղղակի պահանջելով այս կամ այն պահվածքը, գործելակերպը՝ համոզված, որ իմ մասնագիտությունը դա ինձ պարտադրում է կամ առնվազն ենթադրում: Իսկ մերժելուց էլ՝ նեղանում կամ մեղադրում: Ո՛չ սիրելիներս՝ ինձ կարող են «պարտադրել» միայն իմ սկզբունքներն ու քաղաքացու իմ պարտականությունները: Իսկ դրանք, իմ համոզմամբ՝ միանշանակ, կապ չունեն իմ մասնագիտության հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել