Քսանմեկերորդ դարում, երբ մասմեդիան և հատկապես ինտերնետը պատերազմների, ինքնասպանությունների, զանազան բռնությունների, արտառոց միջադեպերի մասին տեղեկատվությամբ մտել է մեր կյանք, պարզ է, որ այսպիսի քաոսում պիտի գործեն շրջուն կենցաղավարությունն ու անողնաշար արժեհամակարգը: Այսինքն արտասովորը թվա սովորական, անբարոն՝ բնական, անթույլատրելին գաղափարապես ու փիլիսոփայորեն արդարացվի:
Եթե մենք անպատասխանատու լինենք ու կրավոր կեցվածք ունենանք, ապա ամբողջ մեղքը կգցենք արագ փոփոխվող աշխարհի, անողոքաբար զարգացող ու նոր մարտահրավերներ (նաև ռիսկեր) բերող գիտության ու տեխնիկայի, հեռուստատեսության ու զանգվածային լրատվության այլ միջոցների, օրենքի ու անօրինության, առանձին քաղաքացիների և կոնկրետ իշխանությունների վրա: Վերջին հաշվով, կարող ենք, չէ՞, պիղատոսաբար լվանալ մեր ձեռքերն ու ապավինել ամբոխի արդարադատությանը, կամ էլ քրիստոնեական հեզությամբ սպասել Տիրոջ նոր գալուստին ու դատավարությանը: Բայց մի տարբերակ էլ կա. կարող ենք մեր համահավաք մեղքն ընդունել ու … ինքնասպանություն գործել:
Մենք մեզ վերջ կտանք, ի՞նչ է եղել որ, համացանցում քի՞չ են այդ մասին լուրերը, հոլիվուդյան աստղերից մինչև <<վասն հայրենյաց>> մարտչնող մահապարտները, կամ անհույս սիրահարները, կամ հուսավառ հավատացյալները: Ինքնասպանություն է, էլի, մեկ է՝ զանգվածային տեղեկատվության մեջ գլխագրերում, սյունակներում, հետգրություններում ամեն բան մահվան մասին է հուշում, արյան ու բարոյազրկության, և ոչ մի խոսք ծնունդի, կյանքի, կենսական արվեստի ու գաղափարների մասին: Բայց այս ամենում կա ամենասոսկալին. ինքնասպանությունն այնքան սովորական է դարձել ու մարսվել մեզանում, որ մենք դրա մասին կարդում, պատմում կամ մոռանում ենք, ինչպես նշանակություն չէինք տա փողոցում մեզ դեմ արած որևէ թռուցիկի բովանդակության: Այսինքն մեր մահը մեր աչքին սովորական է դարձել: Մեր մահը մեր աչքը խոթելով՝ էլի չենք արթնացնում, սթափեցնում մեզ: Մենք ապրում ենք որևէ օր, ապրում ենք օրաբավ ու օրակարգային, նշանակում է՝ մահանում, ինքնաոչնչանում ենք ամեն օր, որովհետև մեռցնում ենք վաղվա օրվա հավատը:
...Այն, ինչ չհաջողվեց ռազմական, գաղափարական, կրոնական թշնամուն, ակամայից կյանքի կոչեցին իշխանությունները: Նրանք այդ ամենին հասան կանոնավոր անտարբերությամբ, անկանոն գաղափարախոսությամբ, դպրոցական գրականությամբ, առևտրականի տնտեսավարությամբ, մարդազուրկ նախաձեռնություններով, յուրայինների փիլիսոփայությամբ, նեղխմբային բարոյականությամբ…
Ապացուցեցին, որ ապրող մարդը, քաղաքացին ոչինչ չարժե, և առավել՝ քան մահացածը: Նրանք ապրողի, գոյատևողի և մահացածի միջև հավասարության նշան դրեցին: Նրանք ընչազուրկ դարձրին, սպանեցին մարդուն, վանեցին երկրից, և գումար աշխատեցին մեռածներից նույնիսկ: Նրանք սպանեցին մարդու ժամանակը, ասել է թե՝ մարդուն իրենց մեջ: Ամենածանր ժամանակներում մարդը կարողացել է ապրել, երբ հավատացել է վաղվա օրվան, հավատացել ու արարել է: Հեռացրե՛ք հավատն ու ժամանակը մարդուց՝ ոչինչ չի մնա, կամ կմնա մարդահամարից մարդահամար հիշատակվող վիճակագրություններում, թղթերին, տապանաքարերին: Հնարավոր է սպանել մարդուն, բայց նա շարունակի ապրել և լինել ժամանակի մեջ, բայց սպանելով մարդու ժամանակը՝ անհնար է կենդանացնել մարդուն:
Մինչդեռ, երբ Մեծն Թումանյանը սոսկումով գրեց մանկահասակ Մարոյի, պատվախնդիր Անուշի ինքնասպանությունների մասին պատմությունները, մենք հասկացանք, որ հանճարեղ լոռեցին խոսում էր ոչ թե մահվան մասին, այլ ճշմարիտ կենսափիլիսոփայությունից: Այսինքն ինքնասպանությունն ընդամենը այդ ողբերգական պատմության վերջին արարն էր և ոչ պատճառը, ո՛չ իրադարձությունը: Ցավոք, մենք այժմ այլ հիվանդասենյակներում ու կանգառներում ենք, հեռավոր կամուրջների վրա, որտեղից ցած նետվելը չեն նկատում բաղրամյան փողոցի վարձակալները...
Ա.Ա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել