Երեկ Արցախի տարբեր բնակավայրերում մեծ շուքով նշվել է Տյառնընդառաջի տոնը:
Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու բակում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է Տյառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում, որտեղ Տեր-Մինաս քահանա Մովսիսյանի կողմից օրհնության կարգ է մատուցվել:
Միջոցառմանը հանդես է եկել Ղարաբաղի այան, ով Արցախի բարբառով մաղթանքներ է հղել երիտասարդներին ու նորապսակներին: Այնուհետև «Արցախի բալիկներ» երգի-պարի համույթի սաների, «Արցախ» ազգագրական պարի խմբի և անհատ կատարողների մասնակցությամբ կայացել է տոնական համերգ:
Եկեղեցու բակում վառվել է տոնի խորհրդանիշ ավանդական խարույկը, որից հետո միջոցառման մասնակիցներին համախմբել է հայկական շուրջպարը։ Մասնակիցներին բաժանվել է նաև ավանդական հայկական գաթա ու աղանձ, երիտասարդների համար կազմակերպվել են խաղ-մրցույթներ:
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը նշել է, որ արդեն չորրորդ տարին է իրենց կենտրոնի սաները մասնակցում են Ստեփանակերտում կազմակերպվող Տյառնընդառաջի տոնին: «Իմ կարծիքով տարեցտարի պետք է նոր երանգներ հաղորդենք այս տոնին, նշենք ավելի մեծ շուքով, քանի որ այն մեր երիտասարդների և նորապսակների համար ազգային ավանդույթները պահպանելու ևս մեկ առիթ է»,- նշել է Ա, Հովսեփյանը և ավելացրել, որ շատ կարևոր է պահպանել ազգային այս տոնին բնորոշ ծիսակատարությունները:
ԼՂՀ ՄԵ հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի պետ Աշոտ Սարգսյանն ընդգծել է, որ չպետք է մոռանալ, որ Տյառնընդառաջի կրակը խորհրդանշում է լույս, բարություն ու արդարություն: «Տյառնընդառաջը և’ հոգևոր, և’ ծիսական, և’ ազգային, մշակութային նշանակություն ունի: Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ եկեղեցիների բակերում և տներում եկեղեցուց բերված կրակով վառվում են խարույկներ, և մարդիկ իղձեր ու նպատակներ են կապում այդ ավանդույթի հետ»,- ասել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ ի ուրախություն բոլորի, տարեցտարի նկատելի կերպով շատանում են տոնական միջոցառման մասնակիցները։
Ասկերանի Սբ. Աստվածածին եղեղեցու բակում ևս տոնի կապակցությամբ տեղի է ունեցել միջոցառում: Տեղի մեր թղթակցի հաղորդմամբ՝ տոնակատարությունն ուղեկցվել է համերգային ծրագրով՝ ազգային երգ ու պարով, խարույկավառությամբ ու ազգային ուտեստների հյուրասիրությամբ: Ի դեպ, միջոցառման հատուկ հյուրերն են եղել Ասկերանի շրջանի ամենաերիտասարդ նորապսակ ու ամենատարեց զույգերը: Մեծ թվով զինվորներ են մասնակցել նաև ՊԲ N զորամասից:
«Միջոցառումը կազմակերպվել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ: Մեր նպատակն է այսօրինակ միջոցառումներով ազգային-եկեղեցական տոների նկատմամբ մեծացնեք մեր երիտասարդների հետաքրքրությունը»,-ասել է ԱՀ կուսակցության երիտասարդական խորհրդի անդամ Մարիաննա Պետրոսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել