Սիրական Տիգրանյան` 1918-1919 թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարարը... Նկարում` Ալեքսանդրապոլ քաղաքի Տիգրանյանների մեծ գերդաստանն է, որտեղ բոլորի հետ պատկերված են նաև հարազատ եղբայրներ Նիկողայոսը և Սիրականը: Նիկողայոսը (աջից նստած երկրորդը), որը մանուկ հասակում կորցրել էր տեսողությունը, հայ մշակույթի հայտնի երաժշտական գործիչ է եղել` երգահան և բանահավաք: Իսկ ահա նրա հարազատ եղբոր` Սիրականի (աջից նստած առաջինը, նաև` առանձին պատկերում) անունն այսօր հանիրավի մոռացության է մատնված, մինչդեռ նա` 20-րդ դարասկզբի հայ ազգային և պետական ականավոր գործիչ է հանդիսացել:

Սիրական Թադևոսի Տիգրանյանը (1875-1947) ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նա սովորել է Թիֆլիսի արական գիմնազիայում, ավարտել Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մասնակցել ուսանողական շարժմանը։ Բացի մայրենիից և ռուսերենից` կատարելապես տիրապետել է գերմաներենին և ֆրանսերենին: Տիգրանյանը Էջմիածնի հոգևոր ճեմարանում զբաղեցրել է իրավաբանական ու փիլիսոփայական գիտությունների դասախոսի պաշտոնը, միաժամանակ եղել Թիֆլիսի ճեմարանի տեսուչը։ 1907-ին նա Երևանի նահանգից ընտրվում է 2-րդ Պետդումայի պատգամավոր: 1-ին աշխարհամարտի սկզբից` Տիգրանյանը ակտիվ մասնակցություն է ունենում հայկական կամավորական ջոկատների ձևավորման գործընթացին և մասնակցում մարտական գործողություններին: 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի օրերին նրան վստահվել էր Երևանի փոխնահանգապետի պաշտոնը` Արամ Մանուկյանի ղեկավարությամբ և Արշավիր Շահխաթունու հետ կազմակերպչական աշխատանքներ է տարել ռազմաճակատի թիկունքում: Իսկ 1918-ի օգոստոսից` արդեն Հայաստանի առաջին պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահն էր:

1918-ի նոյեմբերից` մինչև 1919-ի ապրիլը Սիրական Տիգրանյանը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարը` վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում: Հայաստանի համար դա եղել է դժվարին և բախտորոշ ժամանակահատված: Դեկտեմբերին Դրոյի գլխավորած հայկական զորամիավորումները, ճնշելով վրացական զորքերին Լոռիում` մոտեցել էին Թիֆլիսի մատույցներին: Որպես արտգործնախարար` Տիգրանյանը իր մասով նույնպես դիվանագիտական որոշակի ջանքեր գործադրեց` հայ-վրացական ռազմական կոնֆլիկտի լուծումը հայանպաստ դարձնելու համար: 1919-ի հունվարին, երբ ադրբեջանական կառավարությունը որոշեց Լեռնային Ղարաբաղի նահանգապետ կարգել Սուլթանովին, Հայաստանի արտգործնախարար Սիրականյանը անմիջապես արձագանքեց դրան և պաշտոնական բողոքի նոտա հղեց Բաքու, որում մասնավորապես նշվում էր. «Այդ ո՞ր իրավունքով է Ադրբեջանի ներկայացուցիչը նշանակվում անկախ Հայաստանի անբաժան մասը կազմող մարզի նահանգապետ»։

1919 թ. Սիրական Տիգրանյանը որոշ ժամանակ զբաղեցրել է նաև Հանրային կրթության և արվեստի նախարարի պաշտոնը, իսկ 1919-1920 թթ.` Հայաստանի նորընտիր պառլամենտի փոխնախագահն էր: Եղել է Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից, գիտապատմական մի շարք աշխատությունների հեղինակ: Հայաստանի խորհրդայնացումից հետո նա շարունակում է որոշ ժամանակ աշխատել Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, հետո տեղափոխվում է Ալեքսանդրապոլ և դասավանդում տեղի դպրոցներում: Մարդ, որն իր ողջ կյանքն ու կարողությունները նվիրաբերեց իր հայրենիքին` Հայաստանին, 1937 թվին ձերբակալվեց, անհիմն բռնադատվեց որպես «հայ ազգայնական վտանգավոր տարր» և մահացավ անհայտության մեջ` հեռավոր սիբիրյան աքսորում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել