Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է:

Արցախի խնդիրը լուծվելու է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից և իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում գտնել չի կարող»,-նշել է ՀՀ Նախագահը:

Նախագահը հավելել է, որ որևէ առաջընթացի հնարավորություն այս պահին չի տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: «Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»,- հավելել է Հանրապետության ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել