hc-black-lives-matter-new-haven-protest-017Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ մասերին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:

Նախորդ մասում անդրադարձանք խաղաղ անհնազանդության մեթոդներին կամ, այլ կերպ ասած, խաղաղ «զենքերին», որոնց օգտագործման արդյունքում հնրավոր կլինի հասնել զգալի քաղաքական փոփոխությունների: Հոդվածաշարի այս մասում կանդրադառնանք խաղաղ անհնազանդության շարժման ընթացքում հանդիպող մի քանի առանցքային խնդիրների, որոնք հաճախակի են հանդիպում ցանկացած տեսակի շարժումների ընթացքում: Մասնավորապես, կքննարկենք քաղաքական պայքարի ընթացքում հաճախակի հանդիպող հրապարակայնության և գաղտնիության սկզբունքները և դրանց կիրառելիությունը խաղաղ անհնազանդության շարժումների ընթացքում: Հոդվածաշարի այս մասում կխոսենք նաև խաղաղ անհնազանդության հետևանքով տեղի ունեցող փոփոխության չորս հիմնական տարբերակների, ինչպես նաև ժողովրդավարացման դրական հետևանքների մասին:

Քաղաքական փոփոխությունների հանգեցնող գրեթե բոլոր տեսակի շարժումների ընթացքում կազմակերպիչներն ու մասնակիցները բախվում են շարժման ընթացքում գաղտնիության և հրապարակայնության չափաբաժինների խնդրին: Հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ քաղաքական շարժումների ընթացքում դրանք նախաձեռնողները հիմնականում առաջնորդվում են ներկուլիսային պայմանավորվածություններով, իրենց գործողություններում հաշվետու չեն լինում իրենց համակիրներին և այլն: Որպես ասվածի ապացույց, թերևս, կարելի է հիշել տխրահռչակ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» առաջնորդներից մեկի՝ թևավոր խոսք դարձած «Զսպե՛ք դրան» արտահայտությունը: Շարժումների ընթացքում գաղտնիության խնդիրն իրականում զգալի խոչընդոտների կարող է հանգեցնել՝ մինչև անգամ տարալուծելով դիմադրության ալիքը:

Խաղաղ անհնազանդության շարժման պարագայում գաղտնիության և հրապարակայնության սահմաններն առավել քան մնացած շարժումների պարագայում զգալի ազդեցություն են ունենում շարժման ընթացքի և վերջնարդյունքի վրա: Ինչպես արդեն նշել ենք, խաղաղ անհնազանդության արդյունավետության կարևորագույն նախապայմաններից մեկը շարժման մասնակիցների կողմից դրսևորվող կարգապահության բարձր աստիճանն է, սակայն կարգապահություն ասելով բնավ նկատի չունենք շարժման ղեկավարության կողմից անհասկանալի հրամաններին հլու հնազանդ ենթարկվածություն: Խաղաղ պայքարի սկզբունքներով առաջնորդվող շարժումների համար դավադրությունների տեսության մակարդակին հասնող գաղտնիությունը լուրջ խնդիրներ է առաջացնում: Ներկայիս տեխնոլոգիական զարգացածության պայմաններում գործնականում գրեթե անհնար է ոստիկանությունից և հետախուզական ծառայություններից գաղտնի պահել շարժման ռազմավարական և մարտավարական մանրամասները: Ուստի, շարժման ղեկավարության կողմից դրանք իրենց շահառուներից գաղտնի պահելը պայմանավորված չէ վերոգրյալ ծառայություններից գաղտնի պահելու վախով: Նմանատիպ գործելակերպը վախի մթնոլորտ է առաջացնում շարժման ներսում, ինչն էլ թուլացնում է դիմադրության ոգին և նվազեցնում է շարժման հնարավոր մասնակիցների քանակը: Գաղտնիության նմանատիպ մակարդակը կարող է շարժման մասնակիցների շրջանում տարատեսակ սուբյեկտիվ կասկածներ հարուցել միմյանց նկատմամբ, ինչն էլ շարժման պառակտման հիմք կարող է հանդիսանալ: Վերոգրյալի հետևանքը կարող է լինել այն, որ դիմադրության շարժումը կկորցնի իր խաղաղ բնույթը: Բացի վերոգրյալ բացասական հետևանքները, շարժման ընթացքում գաղտնիության բարձր աստիճանն օբյեկտիվ պայմաններ է ստեղծում շարժման ղեկավարների և մասնակիցների միջև ուղղահայաց կառավարման համար: Ուղղահայաց կառավարվող շարժումներին մեր իրականության մեջ բազմիցս ականատես ենք եղել և ծանոթ ենք նաև դրա հետևանքներին:

Ի հակադրություն գաղտնիության բացասական հետևանքների՝ ռազմավարության և մարտավարական մանրամասնությունների հրապարակայնությունն ունենում է տրամագծորեն հակառակ արդյունքը: Շարժման ընթացքում հրապարակայնությունը մի քանի դրական հետևանքներ է ունենում: Մասնավորապես, հրապարակայնության բարձր աստիճանը ստեղծում է մեծ ներուժ ունեցող շարժման տպավորություն, օբյեկտիվ պայմաններ է ստեղծում քաղաքական որոշումների կայացման վրա հանրության զգալի ազդեցություն ունենալու համար և այդքանով շարժումն առաջնորդվում է հորիզոնական կառավարմամբ, ինչն էլ իր հերթին զարգացնում է հանրության տվյալ շրջանակների քաղաքական և քաղաքացիական գիտակցությունը: Ասվածից չի հետևում, որ շարժման ընթացքում այն նախագծողները պետք է առաջնորդվեն բացարձակ թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով: Գոյություն ունեն շարժման գործողությունների այնպիսի կողմեր, որոնք պարզապես գաղտնիություն են պահանջում: Խաղաղ անհնազանդության շարժումների պարագայում գաղտնիություն պահանջող գործողություններ կարող են լինել գաղտնի հրապարակումների խմբագրումը, տպագրությունն ու տարածումը, երկրի ներսում օրենքով չթույլատրված, սակայն շարժման արդյունքի վրա զգալի ազդեցություն ունեցող խաղաղ միջոցառումների իրականացումը, իշխանության մասին գաղտնի տեղեկատվության հավաքումը: Վերոգրյալ գործողությունները գաղտնիության բարձր աստիճան են պահանջում:

Խաղաղ անհնազանդությամբ փոփոխության հասնելու չորս հիմանական տարբերակները

Ըստ տարբեր, գործնականում ապացուցված տեսությունների՝ գոյություն ունիխաղաղ անհնազանդությամբ քաղաքակաքան փոփոխության հասնելու չորս հիմնական տարբերակ՝

  1. Փոխակերպում (conversion)
  2. Հարմարվողականություն (conformism)
  3. Խաղաղ հարկադրանք (peaceful enforcement)
  4. Կազմալուծում (decomposition)

Փոփոխության փոխակերպում տարբերակն իրենից ենթադրում է այնպիսի իրավիճակ, երբ քաղաքական հակառակորդները բանականորեն համոզվում են, որ խաղաղ անհնազանդության շարժման սկզբունքներն արդարացի են և ընդունում են դիմադրության շարժման կողմից առաջ քաշված նպատակները: Խաղաղ անհնազանդության պատմության ընթացքում փոխակերպման տարբերակով տեղի ունեցած փոփոխությունների օրինակները բավականին քիչ են:

Առավել հաճախ խաղաղ անհնազանդության շարժումների ընթացքում տեղի է ունեում հակամարտության տրանսֆորմացիա, ինչի արդյունքում զգալիորեն փոփոխության է ենթարկվում հակամարտող կողմերի ուժային հարաբերակցությունը, ինչն էլ շատ դեպքերում հանգեցնում է նրան, որ կողմերը ստիպված հաշվի են նստում ստեղծված օբյեկտիվ իրականության հետ: Հենց նմանատիպ իրավիճակից են բխում փոփոխության մյուս եղանակները: Երբ անհնազանդության շարժումը չի կարողանում (հռչակած խնդիրների երկրորդական լինելու պատճառով) ներգրավել հասարակության զգալի շերտերին շարժման շարքերում, կամ բավականին մեծ ներուժ ունեցող շարժումը ժամանակի ընթացքում մաշվում է (սխալ ռազմավարության և/կամ ունեցած ռեսուրսները ոչ արդյունավետ իրացնելու պատճառով) և արդյունքում տեղի է ունենում հակամարտող կողմերի ուժային աղբյուրների տրանսֆորմացիա, տվյալ շարժումը որևէ վտանգ չի ներկայացնում իշխանության համար: Արդյունքում, տվյալ հակամարտությունը լուծվում է փոխհամաձայնությաբ կամ, այլ կերպ ասած, դիմադրության պայքարի՝ ստեղծված իրավիճակին հարմարվողականությամբ: Փոփոխության հարմարվողական տարբերակի պարագայում իշխանությունները կարողանում են չնչին զիջումների արդյունքում ամբողջությամբ տարալուծել դիմադրության շարժումը: Շատ գործադուլներ և դասադուլներ ևս ունենում են նմանատիպ հանգուցալուծում, երբ երկու կողմերն էլ հասնում են իրենց նպատակների մասնակի, բայց ոչ ամբողջական իրականացմանը: Ուստի, խաղաղ անհնազանդության շարժում նախագծողներին հարկավոր է մեծ ուշադրություն հատկացնել խնդրահարույց հարցերի ընտրությանն ու շարժման ռազմավարությանը:

Զանգվածային խաղաղ անհնազանդությունը հմտորեն ծրագրավորված լինելու պարագայում կարող է ավելի զորեղ լինել, ինչի արդյունքում հնարավոր կլինի ձևավորել ուժային աղբյուրների դասավորվածության այնպիսի օբյեկտիվ իրականություն, որ իշխանությունը կորցնի կառավարության և հասարակության կողմից իրականացվող տնտեսական, հասարակական և քաղաքական գործընթացների նկատմամբ ունեցած վերահսկելիությունը: Նմանատիպ իրողությունների պարագայում իշխանությունը ստիպված կլինի ենթարկվել փոփոխության խաղաղ հարկադրանքի տարբերակին և գնալով կսկսի զիջել դիրքերը:

Խաղաղ հարկադրանքի տարբերակին հետևում է փոփոխության կազմալուծման տարբերակը: Վերջինս խաղաղ հարկադրանքի տրամաբանական շարունակությունն է համարվում: Խաղաղ անհնազանդության պայքարի դուրս եկածների ինքնուրույնությունը, համագործակցության մերժումն ու բարձր կարգապահությունը այնպիսի ամբողջության են վերածվում, որ իրենց նկատմամբ իշխանության ունեցած նույնիսկ ձևական վերահսկողությունը վերանում է, և իշխանական համակարգը սկսում է կազմալուծվել:

Հարկավոր է հիշել, որ ներկայացված տարբերակներից որևէ մեկի միջոցով իրականացվող փոփոխությունը պայմանավորված է խաղաղ անհնազանդության շարժման հարաբերական և բացարձակ ուժերի օբյեկտիվ գնահատմամբ, ունեցած նպատակներով և դրանց վերաբերյալ շարժման մոտեցումներով:

Խաղաղ անհնազանդության միջոցով ձեռք բերված ժողովրդավարացման դրական հետևանքները

Ժողովրդավարացման ճանապարհների, ընթացքում հանդիպող խոչընդոտների և վերջնարդյունքում ձևավորվող կոնսոլիդացված ժողովրդավարության մասին բազմիցս առիթ ենք ունեցել խոսելու, սակայն ինչպիսի՞ ժողովրդավարացման գործընթացի է հանգեցնում խաղաղ անհնազանդությամբ ձեռք բերված հաղթանակը: Խաղաղ անհնազանդությամբ իշխանափոխության հասնելու արդյունքում տվյալ երկրի և հասարակության համար սկսվում է հերթական կարևորագույն փուլը: Ինչպես նախորդ մասերում արդեն արձանագրեցինք, խաղաղ անհնազանդությունը նախ և առաջ հասունացնում է հասարակությանը, ամրացնում է սոցիալական անկախ խմբերը, սկիզբ է դնում ամուր քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Խոսվեց նաև այն մասին, որ բռնությամբ ձեռք բերված իշխանափոխությունը դեռևս խաղաղության և ժողովրդավարական հասարակություն կերտելու երաշխիքներից չէ, և պատմությունը բազմիցս ապացուցել է, որ բռնությամբ իշխանության եկածները հաճախ ավելի դաժան բռնապետական կարգեր են ստեղծում երկրում: Այդուհանդերձ, խաղաղ անհնազանդության դեպքում ևս ամբողջությամբ   չի երաշխավորվում հաջորդ իշխանությունների ժողովրդավարական լինելը, սակայն, ի հակադրություն բռնի պայքարի, այն բարենպաստ պայմաններ է ստեղծում հասարակության կողմից քաղաքական գործընթացների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Խաղաղ անհնազանդության շարժման առաջնորդները կարող են ազդեցություն ունենալ և ճնշում գործադրել իրենց հետևորդների վրա, բայց նրանք չեն կարող բանտարկել կամ բռնությունների ենթարկել նրանց: Խաղաղ անհնազանդության հաղթանակի արդյունքում բնակչությունն արդեն գործնականում տիրապետում է դիմադրության անհրաժեշտ միջոցներին, որոնց օգնությամբ նրանք կկարողանան ամբողջական վերահսկողություն սահմանել ցանկացած քաղաքական իշխանության նկատմամբ:

Պրոֆեսոր Շարփն իր ձեռնարկում առանձնացնում է խաղաղ անհնազանդության շարժման հաջողության արդյունքում ստացված ժողովրադավարացման դրական հետևանքները, որոնք էլ ցանկանում եմ մեջբերել, որպես հոդվածաշարի այս մասի ավարտ.

  • Խաղաղ պայքարը կարող է օգնել բնակչությանն առավել ինքնավստահ լինել ռեժիմի սպառնալիքների և բռնի հալածանքների պայմաններում:
  • Խաղաղ պայքարն ապահովում է համագործակցության մերժման և անհնազանդության այնպիսի միջոցներ, որոնց օգնությամբ բնակչությունը կարող է դիմակայել ցանկացած բռնապետական խմբի կողմից իրականացվող ոչ ժողովրդավարական վերահսկողություններին:
  • Խաղաղ պայքարը կարող է օգտագործվել ազատական ժողովրդավարության այս կամ այն դրսևորումների համար, ինչպիսիք են` ազատ խոսքը, ազատ մամուլը, անկախ կազմակերպություններն ու ազատ հավաքներն`ընդդեմ բռնի վերահսկումների:
  • Ինչպես վերը քննարկվեց, խաղաղ պայքարը խիստ նպաստում է հասարակական ինստիտուտների և անկախ խմբերի գոյատևմանը, վերածննդին և ամրապնդմանը: Դրանք կարևոր են ժողովրդավարության համար, քանի որ օժտված են բնակչության ուժերը համախմբելու և ցանակցած ենթադրյալ բռնապետության ազդեցիկ ուժը սահմանափակելու կարողությամբ:
  • Խաղաղ պայքարն ապահովում է այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ       բնակչությունը կարող է ուժ գործադրել ռեպրեսիվ ոստիկանության և բռնապետական իշխանության կողմից ռազմական գործողությունների հանդեպ:
  • Խաղաղ պայքարը տրամադրում է այնպիսի մեթոդներ, որոնց միջոցով բնակչությունը և անկախ կառույցները, ժողովրդավարության շահերից ելնելով, կարող են սահմանափակել կամ վերացնել իշխող վերնախավի ուժի աղբյուրները` այդպիսով սպառնալով վերջ դնել վեջիններիս իշխանավարելու հնարավորություններին (Ջին Շարփ, «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն», հայերեն հրատարակություն, 61-62 էջ):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել