Իսկ ես նախարար Արմեն Աշոտյանի մասին ոչինչ չունեմ ասելու մի քանի պատճառով: Նախևառաջ չէի սպասում, որ այլևս պաշտոնի չլիներ, որ կարծիքս արտահայտեմ. միշտ էլ այդ հարցում ազատ եմ եղել: Որպես ուսանող` ընդգծված դրական կարծիք եմ ունեցել, որովհետև հարկ եղած դեպքում ձայնս լսելի էր կրթության ոլորտի պատասխանատու հասցեատիրոջը եւ միշտ էլ ասել եմ, որ պարոն Աշոտյանի ամենակարևոր ձեռքբերումներից էր այն, որ նա կոտրեց սովետական մինիստրի կարծրատիպը ու ստեղծեց ժամանակակից անկախ Հայաստանի անկաշկանդ նախարարի կերպարը: Իսկ որպես լրագրող` միշտ էլ իր գործունեությանն անդրադառնալով անաչառ եմ եղել` լավին լավ եմ ասել, վատին` վատ: Ու հիմա անհասկանալի է ինձ համար այն, որ մեր ազգը մի տեսակ յուրահատուկ վերաբերմունք ունի նախկին պաշտոնյաների նկատմամբ: Ի պաշտոնե, միսն են ուտում, հենց պաշտոնաթող են լինում, սկսում են ձոնել ու արժանիքները գնահատել: Բա ժամանակին ասեիք, ո՞ւմ էիք սպասում, դաշնակ Լևոնի՞ն: Հիմա ըստ էության. հասկանում եմ, որ ոչ ոք հավերժ չէ իր պաշտոնում և ՀՅԴ-ն է որոշում ում նշանակի ձեռք բերված պաշտոնում: Բայց կարելի է նաև հանրության կարծիքը հաշվի առնել: Ի վերջո, ԿԳ նախարարը ՀՅԴ-ի նախարարը չի լինելու, այլ Հայաստանի Հանրապետության: Նույն ՀՅԴ-ականների շարքերում կարելի էր գտնել ավելի հարմար թեկնածուի, ընդորում այնպիսի մեկին, ով այս տարիներին չէր նստել սպասում, թե երբ կրկին կազատվի ԿԳ նախարարի պաշտոնը, այլ հանրության առաջ իր գործունեությունն էր շարունակում ծավալել: Բայց մենք Լ.Մկրտչյանին տեսանք կա՛մ ԿԳ աթոռին, կա՛մ չտեսանք ընդհանրապես: Իսկ նրա պաշտոնավարած տարիներից հիշում ենք երեք բան. օպտիմալացման ծրագիր, որով անգործ մնացին շատուշատ ուսուցիչներ, «Կյանքի խոսք» դպրոցի բացումը, որն ի դեպ, ի պատվի Ա. Աշոտյանի, նա կարողացավ փակել, գիտության հետընթաց, ինչի մասին այդ տարիներին աղաղակում էին գիտնականները: Ասածս ինչ է, եթե հիմա գովեստի խոսքեր եք ասում պարոն Աշոտյանին, վաղը` հազար երանի եք տալու: Հուսամ` պարոն Աշոտյանը չի անցնի դիվանագիտական գործունեության, նա Հայաստանի Հանրապետությունում և կրթության ոլորտում դեռ անելիք ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել