Tert.am-ը գրում է.

Կարո՞ղ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին հավակնող, ՀՀ Իրավաբանների միության անդամ Արման Թաթոյանը նշել գեթ մեկ դեպք, երբ հանդես է եկել Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումները դատապարտող հայտարարությամբ: Մանավանդ, որ այդ ոլորտում նման խախտումներ, ավելին՝ ողբերգական իրադարձությունների պակաս չի եղել։ Խոսքն առաջին հերթին «Մարտի մեկի» իրադարձությունների մասին է:

 

Այս մասին ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստին, որը պետք է ընտրի ՄԻՊ թեկնածու, հարցրեց ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանը ՄԻՊ մեկ այլ թեկնածու Արման Թաթոյանին և հավելեց. «Որ ասում եք, պետք է ուսումնասիրեմ՝ կա՞ն ՀՀ-ում քաղբանտարկյալներ, բա Ձեզ չէ՞ր հետաքրքրում, որ այսքան բարձրաձայնում են, կան»։
 

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց. «Դուք որպես թեկնածո՞ւ եք հարցը հնչեցնում, թե՞ որպես պատգամավոր, և արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա»:

 

Զարուհի Փոստանջյանն ի պատասխան հայտարարեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն արհեստական խոչընդոտներ է ներկայացնում:

 

Թեպետ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ դա հակասում է ԱԺ կանոնակարգ-օրենքին, Արման Թաթոյանը հարցին պատասխանեց և ասաց, որ մինչ այս հանդես է եկել բազմաթիվ հրապարակային հայտարարություններով:

 

«Երբ ես խոշտանգումների ոլորտի բարեփոխման փաթեթն էի ներկայացնում, երբ ձերբակալվածների իրավունքների կատարելագործման և այլն։ Բա դրանց հիմնավորումներն ամբողջությամբ քննադատություն էր: Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս եմ կարողացել բարեփոխումներ անել... ԱԺ ամբիոնից իմ ելույթները»,-հայտարարեց Արման Թաթոյանը:
 

Նա նշեց, որ Զարուհի Փոստանջյանի մատնանշած դեպքերը, իհարկե, իրեն հետաքրքրում են, բայց իրավաբանորեն գրագետ արձագանքելու համար պետք է իրավաբանորեն դրանք առանձին-առանձին վերլուծի:
 

ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, որ Թաթոյանը խուսափում է հրապարակային բանավեճից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել