Tert.am-ը գրում է.

ԱԺ Պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուների դիմումների քննարկմանը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի կողմից ներկայացված Արման Թաթոյանը ներկայացրեց իր ծրագրային տեսլականը, թե ինչպես է պատկերացնում մարդու իրավունքների պաշտպանության գործողությունները և ապա անցավ պատգամավորների հարցերին պատասխանելու:


ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե Թաթոյանը հանգամանալից ներկայացրեց պետական կառույցների, դատական իշխանության և խորհրդարանի հետ անհրաժեշտ համագործակցության մասին, բայց որևէ  բառ չասաց ՀԿ-ների հետ համագործակցությունից, որը նրա աշխատանքի հիմնական առանցքներից մեկն է: «Մտահոգիչ ազդակ է»,-ասաց նա:


Արման Թաթոյանը չհամաձայնեց և նշեց, որ  ինքը քաղաքացիական հասարակության հետ համագործակցության մասին խոսել է և կարևորել: «Անընդհատ շեշտում էի ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում ենք արել այս կամ այն, անխոս մեծ է աշխատանքները, որպեսզի ՀԿ-ներին բերենք պաշտպանի  դաշտ»,-ասաց նա:


ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, որ իրեն առաջադրել է ՀՀԿ-ն և եթե այդ թիմի որևէ անդամ գործադիր կամ այլ մարմնում մարդու իրավունքները խախտի, պատասխանատվության ենթարկելո՞ւ է, թե՞ ոչ:


Թաթոյանը նշեց, թե պետական մարմինները՝ կլինի գործադիր, թե օրենսդիր, բացարձակ կապ չունեն քաղաքական մեծամասնության հետ: «Ինձ համար նշանակություն չունի, ես ասում եմ, որ համարում եմ ինձ այնպիսի սկզբունքներով, արժեքներով անձնավորություն, որ ես կարող եմ անկաշկանդ լինել և համոզված եմ ընտրվելու դեպքում կունենամ այդ հնարավորությունը: Իսկ կոնկրետ դեպքերի մասով ընտրվելու դեպքում պատրաստ եմ քննարկել հարցերը նաև ձեզ հետ»,-ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել