Tert.am-ը գրում է.

Հայտարարությունները, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հնչեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով՝ բավարար են: Այս մասին այսօր տեսակապի միջոցով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:


Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ի՞նչն է խանգարում ՀԱԿՊ-ին հասցեական հայտարարությամբ հանդես գալ դաշնակից պետության սահմաններին Ադրբեջանի կողմից պարբերաբար կատարվող սադրանքների վերաբերյալ, արդյո՞ք չի հեղինակազրկվում ՀԱՊԿ-ն՝ որպես կառույց, երբ Ադրբեջանը ծանր տեխնիկա, ընդհուպ՝ տանկեր է կիրառում, իսկ Հավաքական անվտանգության կազմակերպությունը որևէ գնահատական չի հնչեցնում, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց.


«Վերջին անգամ, երբ ես Հայաստանում էի, ես փոխանցել եմ այն հայտարարությունների ցանկը, որոնք արվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կողմից՝ կապված դրության հետ, որը կա Կովկասում: Երբ Հայաստանի առանձին լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինձ հարցում են, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, դա ինձ միշտ զարմացնում է: Հարկավոր է ծանոթանալ Հավաքական անվտանգության կազմակերպության հայտարարություններին, որոնք ամեն տարի արվում են, նախարարների հայտարարություններին, որտեղ պարտադիր կա անդրադարձ՝ Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ: Դուք պարզապես կամ չեք հետաքրքրվում այս ամենով կամ մտադրված խաղում եք»:


Նիկոլայ Բորդյուժան հիշեցրեց, որ շուրջ մեկ ամիս առաջ ինքը մեկնաբանել է ԼՂ հետ կապված դրությունը «Ռոսիա 24»-ի հաղորդման ժամանակ: «Մենք խոսում էինք այն մասին, որ անթույլատրելի է լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական շփման գոտում:  Այս կապակցությամբ ես, կարծում եմ, որ հայտարարությունները, որոնք արվել են այս տարիներին, բավարար են: Չեմ կարծում, որ իրավիճակն ազդում է կազմակերպության հեղինակության վրա: ՀԱՊԿ-ն արձագանքել, արձագանքում և արձագանքելու է նման բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»,- շեշտեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:


Դիտարկմանը, թե ՀԱՊԿ գագաթաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը բավարար չէ Հայաստանին, և հնարավո՞ր է, որ այդ ելույթից հետո ՀԱՊԿ-ի դիրքորոշումը փոխվի, Նիկոլայ Բորդյուժան բացասական պատասխան տվեց։


«Չեմ տեսնում անհրաժեշտություն փոխել ՀԱՊԿ-ի դիրքորոշումն այս զգայուն հացի շուրջ: ՀԱՊԿ-ը ներգրված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Մենք մոնիթորինգ ենք անում դրությունը, որովհետև այն կապված է մեր գլխավոր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի հետ: Դրանով զբաղվում են փոքր-ինչ այլ միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ուստի, փոխել մեր դիրքորոշումը, չեմ կարծում, թե իմաստ ունի»,- նշեց Բորդյուժան:


Վերջինս ևս մեկ անգամ ընդգծեց, որ ամեն տարի աշխարհում տիրող իրավիճակի հետ կապված ընդհանուր հայտարարությունների շարքում ՀԱՊԿ պետություններն անդրադառնում են նաև ԼՂ հակամարտությանը. «Արվում են հայտարարություններ ԱԳ նախարարները, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաններ ևս: Խոսել այս մասին անընդհատ, հարկավոր չէ: Դիրքորոշումը հստակ է: Կարող եմ ևս մեկ անգամ ասել՝ ՀԱՊԿ բոլոր պետությունները կողմնակից են, որ հակամարտությունը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Բոլոր պետությունները դեմ են լարվածության էսկալացիային, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայի կիրառմանը: Մնացած ամեն ինչ, կարդացեք Մարքս, այնտեղ գրված է»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել