Tert.am-ը գրում է.

Տպավորություն է, որ այս ԱԺ գումարումն ավարտվում է, և Դուք աշխատանքի փնտրտուքի եք. Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը վերաբերող նիստին թեկնածու Զարուհի Փոստանջյանին հարցրեց հանրապետական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
 

«Եթե այդպես է, ապա հարց է առաջնում՝ ինչո՞ւ եք առաջադրվել: Դուք հո հաստատ գիտեք, որ չեք ընտրվելու, զուտ թվաբանական առումով, ասենք թե Ձեզ առաջարկենք լիագումար նիստին, իշխանությունն այնտեղ շատ ավելի ձայն ունի, և դեռ հարց է, թե Ձեր խմբակցությունում Ձեզ ձայն կտա՞ն, թե ոչ»,-ասաց նա:

 

Ըստ Լևոն Մարտիրոսյանի՝ տպավորություն է, թե Փոստանջյանին հերթական անգամ խոսափող է պետք:


«Բայց զարմանալի է, այդ խոսափողը այսպես թե այնպես ունեք, Դուք խմբակցության ղեկավար եք, ընդ որում՝ ընդդիմադիր խմբակցության»,-ասաց նա: 

 

Զարուհի Փոստանջյանը նշեց, թե այսօր որակյալ փաստաբանը ՀՀ-ում առնվազն մի քանի բողոք ներկայացնելով ՄԻԵԴ-ում, կարող է ապրել բարեկեցիկ:


«Հետևաբար ես այդ խնդիրը չունեմ, և աշխատանք փնտրելու խնդիր չկա, կարող եմ ապրել ավելի հեշտ ու դյուրին: Ավելի հարմար պայմաններում կարող եմ ավելի արժանավայել վաստակ ունենալ: Բայց ինձ հարազատ անձ, ով պատգամավոր էր, ինձ ասաց, թե ես փոթորկի մեջ եմ ինձ հանգիստ զգում և իմ տեղը պայքարն է: Երևի ճիշտ է ասում, պայքարն ինձ համար գերադասելի է, քան աշխատանք ունենալը»,-ասաց նա և հավելեց, թե ինքը առաջադրվել է, որպեսզի մրցակցություն ապահովի նաև:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նշեց, թե ընտրությունը պատգամավորներինն է, կուզեն կընտրեն, կուզեն՝ ոչ, բայց հիշեցրեց, թե քվեարկությունը գաղտնի է, և կարող են ընտրել իրենց խղճի մտոք:

 

«Ես չեմ հրաժարվել պայքարից, այլընտրանք լինելուց: Մեր մշակույթի մեջ պետք է լինի և՛ պայքարը, և՛ այլընտրանքը, դրա համար էլ ներկայացրել եմ: Իսկ ՀՀԿ-ն պետք է իմանա, որ ինքը միշտ ունի մրցակից, որ ասում եք, չկան, չմասնակցեցին: Ես գտնում եմ բոլոր հարթակներում պետք է լինի մրցակցություն»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել