Բավական է հետևել աշխարհից եկած գեթ մեկ օրվա լրատվությանը, հասկանալու համար, որ մարդկության առջև ծառացել են բազում չափազանց բարդ, միմյանց հետ փոխկապված, մեկը մյուսով պայմանավորված, իր` մարդու գործունեության հետևանքով առաջացած խնդիրներ, որոնք մարդկությունն այլևս ի վիճակի չէ լուծելու:
Միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներ, տարաբնույթ լոկալ պատերազմներ, միջազգային ահաբեկչություն և «պայքար» դրա դեմ, զանգվածային սպանություններ, միջկոնֆեսիոնալ պրոբլեմներ, դեմոգրաֆիական խնդիրներ, սերունդների միջև խզվածքներ, սոցիալական լարվածություն, հասարակությունների և կառավարող էլիտաների միջև առկա անդունդի օրըստօրե խորացում, բնական և տեխնածին աղետներ, երկրագնդի ընդերքի անխնա ավարում, բուսական և կենդանական աշխարհների ոչնչացում, կեղտահոսերի վերածված մայրցամաքային հսկա գետեր, աղտոտված, իրենց օրհասն ապրող ծովեր ու օվկիանոսներ, ապականված կենսոլորտ, հոգեկան ու սեռական տարաբնույթ շեղումների դրսևորումներ, թմրադեղամոլություն, նորանոր անհասկանալի հիվանդություններ, և ինչ խոսք, նաև ֆինանսական շուկաների փլուզում, տնտեսությունների անկում, գործազրկության աննախադեպ աճ և այլն, և այլն:
Աշխարհում տիրող այս վիճակն արդեն որպես ճգնաժամ որակելն իսկ անճշտություն է, քանզի ճգնաժամ հասկացությունն իր մեջ դարձելիության տարր է պարունակում: Իրադարձությունների ներկայիս բնույթն ու ընթացքը վկայում են մարդկության գոյությանը սպառնացող ԱՂԵՏԻ մասին, զարգացումներ, որոնք դարձելի չեն և կործանարար ազդեցություն կարող են ունենալ մարդկային այս քաղաքակրթության համար:

Մարդկության անունից ստեղծված միջազգային մի շարք կառույցները, որոնք իբր կոչված են ուսումնասիրելու, ժամանակին բացահայտելու և արդարության ու անկողմնակալության սկզբունքների հիման վրա լուծելու առաջացած պրոբլեմները (այդպիսիք են առաջին հերթին ՄԱԿ-ը՝ իր բազմապիսի հանձնաժողովներով, տարաբնույթ միջազգային կազմակերպությունները, Եվրոխորհուրդները, Մինսկի խմբերը և այլն), զբաղված են միայն ոչինչ տվող նիստեր գումարելով, ՛՛հարցեր քննող՛՛ հանձնաժողովներ կազմելով, այս ու այն կողմ հանձնակատարներ ուղարկելուվ, որոնք, որպես օրենք, լինելով բանից անտեղյակ, չեն էլ փորձում (մեծ հաշվով ի վիճակի էլ չեն) խորամուխ լինել` հասկանալու համար լուծման ենթակա պրոբլեմի բուն էությունը, նրա խորքային՝ մարդկային, ազգային, մշակութային, պատմական, քաղաքակրթական արմատները և որպես օրենք ֆորմալ, անկապ մոդայիկ` մարդու իրավունքները հարգելու, խաղաղ ապրելու և համագործակցելու, շրջակա միջավայրը պահպանելու մասին դատարկ բառակապակցություններով համեմված ձևական զեկույցներ են հրապարակում և օձիքներն ազատում:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես վերոհիշյալ բոլոր կազմակերպությունները ձևական բնույթ են կրում և «պրոբլեմներ լուծող» կառույցների նմանակեղծիքներ են լոկ, իսկ իրականում իրենցից շատ ավելի վեր կանգնած աներևույթ «ԳԼՈԲԱԼ ԷԼԻՏԱՆԵՐԻ» կամ իրենց գործերն այդ էլիտաների հետ համաձայնեցրած տեղային էլիտայիկների շահերն են սպասարկում, իրենց վրա վերցնելով, այսինքն, ի վերջո մարդկության վզին փաթաթելով չափազանց վիճահարույց որոշումների կայացման պատասխանատվությունը: Օրինակներ որքան ուզեք. Իրաք, Աֆղանստան, Հարավսլավիա, Լիբիա, Եգիպտոս, այսօր Սիրիա, վաղը գուցե Անդրկովկաս և այլն: Միջազգային այս կառույցների շարքային անդամներն իրենք էլ, հավանաբար, չեն գիտակցում, որ մարդկությանը որպես միակ ճշմարիտը ներկայացվող այսօրվա արժեհամակարգում, որտեղ մարդը դիտվում է, որպես զուտ ապրանք սպառող ու «կյանքի հաճույքների» մասին երազող, ամեն գնով ի՛ր բարեկեցության աստիճանը բարձրացնելու մասին բաղձացող, միայն ի՛ր իրավունքների ու ազատությունների մասին բարբաջող, ՛՛լավ կյանքի՛՛ ձգտող, կարճ՝ միայն նյութականի աշխարհով սահմանափակված արարած, ում ճշմարիտ մարդկային էությունը փոխարինված է զուտ անասնական բնազդներով, առկա պրոբլեմները լուծումներ ունենալ չեն կարող: Այս կազմակերպությունների կողմից լուծումներ փնտրելու գործողություններն ընդամենը ձևականություն են և հասարակությունների աչքին թոզ փչելու նպատակ են հետապնդում: Այս կազմակերպությունների խնդիրը, «հսկողությունից» դուրս եկած կոնֆլիկտների սառեցումն ու փոխանցումն է հաջորդ սերունդներին, իսկ եթե դրանք չեն վնասում վերոհիշյալ գլոբալ էլիտաների շահերին կամ առավել ևս, եթե գրգռված և ուղորդվում են այդ էլիտաների կողմից, ապա սրանց խնդիրը թողնելն է, որ տեղի ունենա այն, ինչ լինելու է, ինչը որ ավելի կամ պակաս հաջողությամբ իրականացվում և ինչին ու ականատես ենք մենք այսօր:

Սակայն ինչո՞ւ է այսպես, ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է աշխարհում ամեն բան գնալով վատանում, ինչո՞ւ են ամենուր տիրում երեսպաշտությունն ու կողմնապահությունը, ինչո՞ւ է կեղծիքը համարժեքված ճշմարտությանը, դավաճանությանը` հավատարմությունը, անօրինությունը` արդարությանը, քաոսը` ներդաշնակությանը, ինչի՞ց է, որ ամեն ճշմարիտ բան փոխարինված է իր հակոտնյայով, ինչո՞ւ է մարդկությունը հանդուրժում այս ամենը, որո՞նք են նկարագրված երևույթների բուն, խորքային պատճառները և այլն, և այլն: Ահա այս և մի շարք նման այլ հարցերի պատասխաններն է, որ պիտի գտնվեն: Սա է մարդկության, ինչու ոչ նաև մեր` հայության, առջև ծառացած գլխավոր խնդիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել