Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությունները քննարկել են Արցախում սահմանադրական փոփոխություններն անցկացնելու անհրաժեշտության հարցը:

Tert.am-ի հետ զրույցում ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի փոխանցմամբ, Արցախի խորհրդարանական 5 ուժերը խորքային քննարկում են իրականացրել և առաջիկայում դեռ իրականացնելու են՝ Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ:

«Մենք ստարտային, առաջին քայլերն արդեն արել ենք, փետրվարի կեսերին նախատեսում ենք խմբակցությունների երկրորդ հանդիպումը՝ արդեն որոշակի առաջարկությունների շուրջ քննարկումներ անցկացնելու համար»,- ասաց Վահրամ Բալայանը:

Իսկ թե որն է Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու նպատակը, ԼՂ ԱԺ փոխնախագահը պատասխանեց, թե ժամանակին համաքայլ լինելու անհրաժեշտությունից ելնելով տարեց տարի պետք է զարգանա պետական համակարգը, տնտեսական կյանքը:

«Գտնում ենք, որ հետագայում որդեգրած մոտեցումներն ավելի ժողովրդավար կլինեն, ավելի սերտ, գործնական կդարձնեն իշխանություն-հասարակություն հարաբերությունները: Այս փոփոխությունները կբխեն մեր երկու երկրների, ժողովուրդների շահերից»,- վստահեցրեց Արցախի խորհրդարանի փոխխոսնակը:

Բալայանը նշեց, թե իրենք դեռ չեն հստակեցրել՝ կփոխեն կառավարման համակարգն ամբողջությամբ, թե՝ մասամբ, ուստի ակտիվ քննարկելու են ու լսելու բոլորի առաջարկներն այս կապակցությամբ:

Իր անունից Վահրամ Բալայանն ասաց, ով ի դեպ ՀՅԴ անդամ է, խորհրդարանական կառավարման համակարգի կիրառումը կբխի ԼՂ շահերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել