Tert.am-ը գրում է.
Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողների համար նախընտրական տարին մեկնարկել է: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ հիմնական կուսակցությունները խորհրդարանական առաջիկա ընտրություններին ընդառաջ մտել են նախապատրաստական փուլ:
 
«Սա կարելի է համարել նախապատրաստական փուլ, թեև ես կարծում եմ, որ քարոզարշավը մեկնարկել էր դեռ Սահմանադրական հանրաքվեի քարոզչական փուլից: Քաղաքական դեմքերի մեծ մասը համապետական այդ միջոցառումը դիտարկում էին իբրև սեփական քարոզչական մեքենա, կուսակցական ռեսուրսները թափ տալու միջոց»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:
 
Քաղաքագետը նշեց, որ հետխորհրդային պետություններում ընդունված է «պրեզենտացիա» (շնորհանդես) անել քաղաքական ուժին՝ աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների համար՝ ցույց տալու, որ իրենք կան, գոյություն ունեն: «Ցավոք, մեր տիպի պետություններում առայժմ կարևոր նշանակություն ունի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ լեզու գտնելու հանգամանքը»,- նշեց նա:
 
Իսկ այն կուսակցությունները, որոնք համարվում են խոշոր խաղացողները, բայց ընտրական ցցուն հռետորիկայի չեն անցել, ըստ Վիգեն Հակոբյանի, զբաղված են ներկուսակցական չերևացող հարցերով՝ հստակեցնում են շարքերը, ստեղծում կառույցներ:
 
«Օրինակ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ակտիվ աշխատում է, հայտարարում են 6000 դիտորդների ստեղծման մասին կամ «Լուսավոր Հայաստան»-ը՝ գնում է համացանցային քարոզչության ուղղությամբ, իշխանություն կազմող հավակնություն ունեցողներն էլ կան՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իրենց հերթին բանակցում են՝ համագործակցության ֆորմատի շուրջ, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հստակեցնեն՝ առանձին հանդես կգան, միասնական, թե երրորդ մի ձևաչափով»,- մանրամասնեց Հակոբյանը:
 
Այս համատեքստում, ըստ քաղաքագետի, առանցքային կդառնան նաև Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող փոփոխությունները, որոնք արվում են հասարակության մեջ ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման համար:
 
«Իշխանությունները քննարկում են՝ ներդնել էլեկտրոնային քվեարկության եղանակը, որը ժամանակի պահանջ է: Բայց փոփոխությունը, ամեն դեպքում, արվում է հասարակության մեջ անվստահության մթնոլորտը մեղմելու ուղղությամբ, որը կա պետության կողմից անցկացվող ցանկացած միջոցառման նկատմամբ»,- ընդգծեց քաղաքագետը:
 
Վիգեն Հակոբյանը նաև ասաց, որ էլեկտրոնային քվեարկության ներդրմամբ հասարակության մեջ առկա անվստահությունը արմատական փոփոխության չի ենթարկվի: «Իշխանությունները փորձում են այսկերպ ազատվել մարդկային գործոնից, որը կա ընտրական համակարգում, ինչը բավական բարդ է ընթանալու, որովհետև ամեն դեպքում մարդիկ կասկածելու են, որ կա միջամտություն»,- շեշտեց Հակոբյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել